ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ GOSTAN ZARIAN КОСТАН ЗАРЯН
Արարատյան հայը
Հեղինակ՝ Հասմիկ Գուլակյան
Կոստան Զարյան, հայ իրականության մեջ անկրկնելի հետագիծ թողած մի գործիչ, մտածող, որը Եվրոպայում փայլուն կրթություն էր ստացել և 20-րդ դարի առաջին կեսին փնտրված դասախոս էր թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի համալսարաններում և ուրույն հայացք ուներ մարդու, բնության ու կյանքի նկատմամբ: Նա ոչ միայն կրողն ու պահպանողն էր իր ցեղի, իր ժողովրդի նախաստեղծ ոգու և հանճարի, այլև իր հայացքներն ու տեսակետները դասախոսություններում ներկայացնում էր որպես գեղարվեստական մտածողություն և աշխարհայացք, գրական ու հրապարակախոսական երկերում` որպես ներաշխարհ, որպես գաղափար ու հանգանակ: Լեզվամտածողության նրա եզակի, անկրկնելի, բարձրագույն համակարգը, գրողի, մշակութաբանի, փիլիսոփայի նրա անհատականությունը և ազգային ինքնագիտակցությունը հնարավորություն տվեցին ոչ միայն մշտապես հանդես գալու որպես իր ցեղի արժանապատիվ կամ պատվախնդիր ներկայացուցիչ, այլև, անցնելով համաշխարհային գրականության, գեղագիտության, մշակույթի հերկերով, յուրացնելով ու մարսելով եվրոպական տեսություններն ու փիլիսոփայական ըմբռնումները, հնագույն քաղաքակրթությունների դաշտում տարբերակելու, դասակարգելու արարչագործ մարդու նախնական երեք` Տիբեթի, Արարատյան և Միջերկրական տեսակները: Այս տեսակների մեջ նա ընդգծեց-առանձնացրեց Արարատյան մարդուն ոչ թե սոսկ այն պատճառով, որ վերջինից սերել է իր ցեղը, այլ որ ի վերուստ է նրան ընծայվել արարչաստեղծ ներուժը: Կոստան Զարյան, հայոց հնագույն քաղաքակրթությանը սերտաճած մտածող, մշակույթի և փիլիսոփայության գոյընթացներին լավագույնս ծանոթ քննախույզ ճամփորդ և ուսումնասիրող, անաչառ վերլուծաբան, գաղափարական հետախույզ և տեսաբան, կարճ` օտար բառով ասած` ունիկում: Մեր իրականության մեջ Կոստան Զարյանին գիտեն որպես գրողի (եթե, իհարկե, գիտեն. սա որոշակի վերապահումով եմ ասում, թող ինձ ների մեր ընթերցողը): Բայց գիտե՞ն արդյոք, որ նա ճակատագրի հեգնանքով ապրել է հայ գրողին, այսինքն` թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ, թե՛ հայրենադարձ գրողին բաժին ընկած, մեղմ ասած, հոգեբանական ծանր դրաման: Նա մշտապես օտար էր թե՛ յուրայինների մեջ, թե՛օտարների մեջ: «Ես տարագիր եմ, ոչ գաղթական»,– մի առիթով բանաձևել է նա: Ապրելով հայրենիքից շատ ու շատ հեռու` ամեն տեղ և ամեն ինչի մեջ փնտրել է իրենը` իր ազգայինը` հայկականը, փնտրել է իր երկիրն ու պատմությունը, իր մշակույթը, իր Հայրենիքը, և, ինչպես պատկերավոր ասել է, «մեր ցեղի մեծությունը և մեր հոգու բանալին»: Եվ այս ամենը` օտար երկրի, օտար ժողովուրդների ու նրանց հոգեկերտվածքի գերազանց իմացությամբ, «հոգու եւ մտածումի ջերմ եւ գործոն համակրանքով, ներքին հայեցողությունով»: Կոստան Զարյանն անբացատրելի սիրով էր կապված Հայրենիքին: Սերը, իհարկե, գրեթե միշտ է անբացատրելի, և յուրաքանչյուր ոք սիրում է յուրովի: Բայց նրա սերը նման չէր մեր մյուս գրողների հայրենաբաղձ սիրուն: Դա սոսկ սեր չէր, այլ ողբերգականորեն ցավոտ և գրեթե հեքիաթախառն լուսեղեն զգացում, ոգեղեն սպեղանի, որը վայելել չես կարողանում, կորցնում ես` դեռ չգտած ու թաղվում անփարատելի, անպարագիծ վշտի մեջ:Կոստան Զարյանը նույնպես, ինչպես Վահան Տերյանը և Հովհաննես Թումանյանը, հանգել է հոգևոր հզոր Հայրենիքի գաղափարին: Ահա անհայրենիք, այսինքն` հայրենիքը հեռուներում` անորոշության մեջ թողած գրողի ստեղծագործական հավատամքը. «…մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության եւ մեծության մեջ, ինչ որ առաջ կարելի է բերել շատ երկար, շատ դժվարին աշխատանքով: Հայ ժողովուրդը պարտվեց ֆիզիկապես, ապա հոգեպես եւ հիմա էլ ոչնչանալու վրա է մոտավորապես: Այն բոլոր ազգերը միայն պիտի կարողանան ապրել, գալիք սարսափելի դեպքերի միջոցին, որոնք ինքնուրույն եւ ուժեղ մշակույթ ունեն, որոնք մարդկության համար անհրաժեշտ տարր են կազմում, որոնք կարող են իշխել իրենց մտքի եւ հոգու զորությամբ: Մյուսները ճակատագրականորեն պիտի ոտնակոխ լինեն եւ պիտի անհետանան: Ու մշակույթ ասված բանը ոչ հանդեսներով է ստեղծվում եւ ոչ էլ փողոցները վազող ֆրանսիական աժան մտքի կրկնություններ ծամծմելով: Հայ ազգը պետք ունի թե զենքով կռվող հերոսների եւ թե մանավանդ մտավոր ազնվական դասի: Այն, որ ես անվանում եմ Արարատյան մարդը: Նոր այդ Հայը, որ կամ պիտի վերագտնի իր նախաքրիստոնեական, Միթրայական առաքինությունները կամ պիտի անհետանա…»: Կոստան Զարյան, եզակի ոդիսական ապրած տարաբախտ հայ, Արարատյա՛ն հայ…
***
Սկզբնական շրջանում նա ստեղծագործել է ո՛չ մայրենիով: Հետո նրա համար ճակատագրական է դարձել հանդիպումը Էմիլ Վերհարնի հետ, մանավանդ նրա պատգամը: Ապա նա հայտնաբերել է, որ «Լեզուն արյուն է, արդ` արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք տարրական ճշմարտություններ են»: Շուտով մայրենի լեզուն ու ազգային գրականությունը նրա համար դառնում են գերակա առաջնահերթություն, ուղենշային. «Հայ գրականությունը համաշխարհային կլինի այն ժամանակ, երբ զուտ հայկական լինի: Ինչպես Սևանա լիճը, նրա ճամփեզրին բուսնող համեստ բույսը կամ, լավագույն պարագային, ինչպես Արարատի վեհաշուք գագաթը: Ուզում եմ հասկանաք. հայությունը մութ դարերից եկող մեծ խորհուրդ է, որին պետք է մոտենալ վախով, սիրով, հավատավորի սրտով և մոլեռանդի հանդգնությունով: Հայությունը պոեմա է»: 1922-ին վերադառնում է հայրենիք` թողնելով Ֆլորենցիայի ամեն ինչով ապահով ու բարեկեցիկ կյանքը: Եկել էր գիտակցաբար` իրականացնելու Արարատյան մարդու իր երազանք-վեպը, ես կասեի` ծրագրային երկը, հանգանակը: Ողջ կյանքում դեպի իր ցեղն ու ժողովուրդը մղված գրողը բոլոր բջիջներով էր տենչում Հայրենիքը: Շատ խորհրդանշական ու պատկերավոր է ասել. «Ես ուզում եմ ապրել իմ հայրենի կարծր հողի վրա, պառկել ճամփու մոտ, գլուխս դեմ տալ քարին եւ նայել ճամփու աստղերին: Ժխտում եմ Վենետիկը եւ խոնարհաբար ընդունում եմ Սարդարապատը»: Այսինքն` նա ուզում էր միշտ տեսնել Արարատը` «լուսավոր պատարագ ամպերի մեջ»: Ի՞նչ տեղի ունեցավ հետո…Հետո պարտադրված հեռանում է. «Եվ ես, վերջին անգամ, եկել եմ մուրալու մի քիչ լույս եւ մի քիչ երգ, որպեսզի անցորդի իմ ճամփաներիս վրա երազը ապրի տևական եւ հիշատակը` ամուր կյանքով: Երախտապարտ եմ աչքերիս մեջ ամբարած արծաթե տեսիլքների համար, սրտիս մեջ մխրճված հույզերի համար, մսերիս մեջ թրթռացող ու ուղեղիս ծալքերի մեջ դրոշմված ապրումների և հեքիաթային երազանքների համար:Երախտապարտ եմ, օ՛, ի՜մ երկիր, քո հասցրած ցավի եւ վերքերի համար…»: Այս խոսքերը, «Անցորդն ու իր ճամփան» վեպից, դժբախտաբար, այսօր էլ արդիական են… Դժվարությամբ գտած և դժվարությամբ կորցրած հայրենիքի ներկայությունն ու ցավն իր հոգում անթեղած գրողը որոնումների մեջ էր հեռավոր ափերում: Ի դեպ, այդ ներկան ու ցավը մշտապես առկա են նրա բոլոր գործերում` անկախ ժանրից: Ի՞նչ էր նա փնտրում օտար ափերում այս շարքը գրելիս: Սա ի՞նչ դրամա էր, ի՞նչ ողբերգություն էր, որ ստվերի պես հալածում էր Կոստան Զարյանին…Կոստան Զարյանը մեծ ճանապարհորդ է, նույն կետում կամ վայրում տևականորեն կանգ չի առնում: Սա` նաև փոխաբերական իմաստով, որովհետև նրա միտքը միշտ թափառում է, միշտ որոնումների մեջ է: «Երկիրներ եւ Աստուածներ՚ մատենաշարի երկրորդ գիրքը` «Միացյալ Նահանգները», ինչպես «Սպանիան», գրական, փիլիսոփայական և մշակութային ահռելի նյութ է պարունակում` գաղափարական, գեղագիտական և իմաստասիրական մտածումներով ու ընդհանրացումներով: Ամերիկան, որ հայտնի է որպես դրամի ու սպառողական հոգեբանության երկիր, Կոստան Զարյանի արտահայտությամբ` «մեծ ժեստերով լցված մի հսկա դատարկություն», որտեղ «մարդկային արարածը հոգեպես աճելու տեղ` նսեմանում է, փոքրանում, վայրենանում, ժողովուրդը դառնում է ամբոխ, մասսա, անանուն թվանշան: Ոստիկանական քանակ», Ամերիկան, որ, ըստ նրա, «սառը բանականություն էր և հաշիվ` «պառկած Մշակույթի և Պարապի մեջտեղը»…«Երկրներ և Աստվածներ» մատենաշարի երրորդ գործը լինելու էր Հայաստանի վերաբերյալ` հայապատում: Ահա թե ինչ է գրել նա այդ մասին. «…թէ՛ «Սպանիա»ն և թէ՛ «Ամերիկա»ն այսպես ասած պատրաստութիւններ են,– մի հայեացք աշխարհի վրայ,– երրորդ մասի համար, որ ամբողջովին պիտի նուիրուած լինի, եթէ կարելի է այսպէս ասել, հայ ոգու բնազանցականին: Կտակի նման մի բան: Ո՞վ է իմանում` ի՛նչ կարող է – ինչ կարող չէ պատահել. ուզում եմ աշխարհայեացքս միանգամ ընդմիշտ պարզել: Ուզում եմ խօսել այն արժէքների մասին, որ կարող ենք և պէտք է հակադրենք արդի աշխարհին, որի կառուցողականին չենք մասնակցել, որի համար պատասխանատու չենք, որի զոհն ենք: Եւ այդ` զուտ կրօնա-փիլիսոփայական տեսակետից, որ մէջս մշակուել է տարիների ընթացքին…»: Այսինքն` Կոստան Զարյանի ամենազորեղ գիրքը նվիրված էր լինելու հայի համար միակ և անզուգական հայրենիքին` Հայաստանին: Ավաղ, նա չկարողացավ իրագործել իր նվիրական ցանկությունը… 1960-ին Կահիրեի «Յուսաբեր» թերթում հրապարակված մի հարցազրույցում ասել է. «Պատմական այս օրերին մենք ապրում ենք ներառման և արտացրման մի բախտորոշ շրջան: Մեկ կողմից` ազգը վերակազմվում է, մյուս կողմից` ցրվում և կորչում է: Ազգային գիտակից ույժերը պետք է լծվեն ներառման գործին և ուրախ թափով վերականգնեն մրրիկների ենթարկված շենքը: Կա՞ ավելի գեղեցիկ գործ, քան այդ»: Զարմանալի զուգադիպությամբ` այսօր էլ նույն կացության մեջ ենք: 60-ականների պտուղը, ըստ իս 1988-ն էր` ազատագրված Արցախով, ՀՀ անկախությունն էլ որպես հետևանք: Իսկ ի՞նչ է լինելու այսօրվա անցուդարձերի արդյունքը…
***
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ GOSTAN ZARIAN КОСТАН ЗАРЯН
«Հայության դժբախտության մեկն էլ եղած է այն հանգամանքը, որ նա ընթացել է մեռնող, հին աշխարհների հետ: Այսօր, չնայած ռեժիմի բոլոր թերություններին (նկատի ունի սովետական վարչակարգը, սակայն, ըստ իս, այն վերաբերում է նաև մեր այսօրվան – Հ. Գ.) հայությունը կանգնած է նոր ծնվող աշխարհի առաջապահ սահմանի վրա: Գնալով` նրա խոսքը լսելի պիտի լինի ամբողջ աշխարհին: Երբ նա գտնի իր ամբողջական միությունը և ազատորեն իրականանա իբրև ազգ, նրա դերը պիտի լինի նշանակալից և վճռական: Ես կարծում եմ նաև, որ պարագաների բերմամբ ամբողջ աշխարհը պիտի անցնի այն փուլերից, որտեղից անցնում է Հայաստանը»: Այսպես, կարծում եմ, կլինի, եթե ինքներս մեզ հարգել ու արժևորել կարողանանք:
— Լեզուն արյուն է` խառնված հոգիով պեղված հողերին:
— Լեզուն արյուն է, արդ` արյունը չի կարելի փոխել: Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղավաղել: Դրանք տարրական ճշմարտություններ են: Կարելի՞ է ռոկոկո ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, և հայը չի մտնի, այնտեղ չի աղոթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թող օտարանան: Արդեն հայությունը քանակ չէ, այլ որակ է:
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ GOSTAN ZARIAN КОСТАН ЗАРЯН
VORQAN ARDIAKAN EN AYS XOSQER@…
Djbakhdabar HAyastani ishkhanavornere chehasgzan vor lezun arum yev voki e khegaturezin te lezu(baramterke)yev te ughacrutyune ,Sufi Haye godarana yev gaylaseri or hayrenikin mech.
Hedakerkrutiamp gartatsi GosdanZariani masin tser kerutyune, tsavali e vor mer azke irmedzoutyunnere
Orin kenahadel che kidtsadz , hagarage haladzadz en aynkan vor sdibvadz leker en hayrenike yev veratartser en odar yerginknar .inche aysyerevuyti badjare, NAKHAnTsE te charoutyune ?:
լեզուն արյունէ՝խառնվաժ հոգով պեղված հղերին… որքան խորք ու խորհուրդ, որի առջեւ յուրաքանչյուր հայ պետք է դարձնի իր գոյատեւման կենսական պահանջը: