Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը:
Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան), արձակագիր, լրագրող, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1981, ետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար), ՍՍՀՄ գրողների միության անդամ 1969-ից, ՍՄԿԿ անդամ 1963-ից:
Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը:
Ծնվել է 1933-ի դեկտեմբերի 13-ին, Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում: Մուշեղի ծնողները Սասունից փախել էին և Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակություն հաստատել Թալինում։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Գալշոյանը հետագայում սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին…
1957-ին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործական ֆակուլտետը: 1957-ին աշխատել է Աշտարակի շրջանի Կոշի մեքենատրակտորային կայանում, 1958-60-ին՝ Թալինի շրջանի Արտենի սովետական տնտեսությունում որպես փորձադաշտի ագրոնոմ, 1960-61-ին՝ Թալինի շրջանային «Կոմունիզմի դրոշով» թերթում, 1961-62-ին՝ Աշտարակի «Արագած» միջշրջանային թերթում որպես գրական աշխատող, 1964-67-ին՝ «Ավանգարդ» թերթում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ: 1969-71-ին սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: 1971-75-ին աշխատել է «Գարուն» ամսագրում : 1975-77-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական խմբագրության վարիչ: Նրա «Բովտուն» վեպը 1973-ին արժանացել է Հայաստանի գրողների միության գրական առաջին կարգի մրցանակին: Մ. Գալշոյանի առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1959-ին, Թալինի «Կոմունիզմի դրոշով» թերթում: Ռուսերեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ձորի Միրոն» վիպակը (Մոսկվա, 1972) , «Քարե հովտում» (Մոսկվա, 1977, գրքի մեջ մտնում են «Ձորի Միրոն» վիպակը և «Բովտուն» վեպը), «Ծաղկած քարեր» (Երևան1977), լիտվերեն՝ «Ձորի Միրոն» (Վիլնյուս, 1977), բուլղարերեն՝ «Բովտուն», «Ձորի Միրոն» (Սոֆիա, 1978): «Դրուժաբա նարոդով» ամսագիրը 1978-ի № 1-ում տպագրել է Մ.Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» շարքի երկու պատմվածք, որոնք արժանացել են տարվա լավագույն պատմվածքի մրցանակին: Նրա սցենարներով նկարահանվել են «Հնավանդ թմբուկը», «Բովտուն», «Ձորի Միրոն» կինոնկարները:
Մուշեղ Գալշոյանը մահացել է 1980-ի հոկտեմբերի 15-ին, հայրենի Կաթնաղբյուր գյուղում, հրացանի պատահական կրակոցից:
MUSHEGH GALSHOYAN (ՄՈԻՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ)
ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН
ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ MUSHEGH GALSHOYAN МУШЕГ ГАЛШОЯН