ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ

ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼԱԿՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Հասմիկ Գուլակյյան և Կոմիտաս Վարդապետ Հովնանյան / ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐ

Վերջերս Երևանում էր Մարսելի (Ֆրանսիա) Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Այդ օրերին հայր սուրբն այցելեց նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, որտեղ տեղի էր ունենում «Հայկական լեռնաշխարհը հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան» թեմայով գիտաժողովը: Վարդապետը ոչ միայն ներկա էր գիտաժողովի վերջին օրվա նիստին, այլև ելույթ ունեցավ ծրագրից դուրս՝ իբրև հյուր: Նրա խոսքը, կարելի է ասել, ամենատպավորիչն էր եռօրյա գիտաժողովի ընթացքում: Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հայագիտական ուսումնասիրությունները ուշագրավ են հատկապես լեզվաբանության տեսանկյունից:

– Հայ հոգևորականի առաքելությունը դժվար է բաժանել հայապահպանությունից: Ձեր պարագայում դա սոսկ հայապահպանություն չէ, որովհետև Դուք լրջորեն զբաղվում եք հայագիտության հարցերով: Նախ՝ հակիրճ պատմեք Ձեր մասին. ե՞րբ և ինչպե՞ս հայտնվեցիք Եվրոպայում:
– Ծնունդով Երևանից եմ, քահանայի ընտանիքի զավակ: Ծնողներս կիլիկեցիներ են: Ջարդերից մազապուրծ հայրս հայտնվել է Լիբանանում, իսկ 1947 թ., ի թիվս այլոց, եկել է Հայրենիք: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո ընդունվել եմ Կոմիտասի անվան երաժշտանոցի խմբավարության բաժինը և Ս. Հռիփսիմեի տաճարում կազմակերպել քառաձայն երգչախումբ, ապա 1980 թվականից երկու տարի պաշտոնավարել Սիսիանում, իսկ 82-ից՝ մոտ չորս տարի, Ռումինիայի Կոնստանցա քաղաքում։ Երկար տարիներ եղել եմ Գերմանիայի հարավային շրջանի հայ համայնքների հոգևոր հովիվ, իսկ 1999 թվականից պաշտոնավարում եմ Մարսել քաղաքում:
– Դժվար չէ՞ Մայր Հայրենիքից այդքան հեռու լինելը:
– Հայրենիքն ամեն վայրկյան ինձ հետ է: Երբեք չեմ կարող ասել՝ հեռու եմ նրանից: Տարածությունը չի որոշում մոտիկությունը, այլ այն, թե որչափ ես կապված Հայրենիքիդ: Օտարության մեջ գտնվելով՝ Հայրենիքի գաղափարը է՛լ ավելի է արմատավորվում էությանդ մեջ. դու և Հայրենիքդ դառնում եք մեկ ամբողջություն:
– Հետաքրքիր է այդ ամբողջության մեջ հայագիտության և հայապահպանության դերը ձեր կյանքում:
– Երբ ընթերցում ենք Ավետարանը, տեսնում ենք Հիսուսի հրաշալի պատգամը. «Գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: Եւ երբ գնաք, քարոզեցէք» (Մատթ. 10.6–7), այսինքն՝ գնացեք, փնտրեք և գտեք Իսրայելի տան կորած ոչխարները: Ես այդ խոսքերի մեջ լսում եմ. «Իսկ դու, ով հայ վարդապետ, գնա փնտրիր և գտիր քո Հայկազյան ցեղի կորած ոչխարները»: Սփյուռքում ծնված և մեծացած, իրենց ծննդավայրի մշակութային զորավոր ազդեցությունը կրող հայորդուն «կորած ոչխարի» վիճակից ձերբազատելու համար պարտավոր ենք նրան ազգային գիտակցություն ներարկել, այսինքն՝ անպայման է նրա մեջ «ո՞վ եմ ես»-ի գաղափարի գիտակցությունն արթնացնելը: Անհատը, իմանալու համար թե ով է ինքը, պետք է անպայման ճանաչի իր արմատները: Տակավին Ռումինիայում պաշտոնավարությանս շրջանին լծվեցի այդ աշխատանքին: Սկսեցի պրպտել, փնտրել, հետաքրքրվել, ընթերցել բոլոր այն նյութերը, որոնք վերաբերում էին ռումինահայությանը: Սկզբում ծանոթացա ռումին նշանավոր պատմաբան Վլադ Բընըցիանուի ոչ մեծածավալ «Հայերը Ռումինիայի կյանքում» գրքույկին, հրատարակված 1936 թ. Բուխարեստում, որտեղ հեղինակն առաջին անգամ անդրադարձել էր Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում հայերի խաղացած դերին։ Այնտեղ էլ կարդացի, որ ռումին ժողովրդի ազգային մեծագույն հերոսի՝ Ստեֆան Չել Մարե իշխանի (նշանակում է՝ Ստեփան ամենամեծ) բանակում եղել է 25-հազարանոց հայկական զորախումբ: Ռումինիայի Արճեշ քաղաքի նշանավոր տաճարը, որ ռումինական ճարտարապետության գլուխգործոցն է, կառուցել է Մանոլե կամ Մանուել հայ ճարտարապետը, որին նվիրված է մի հրաշալի պոեմ: Տեղեկացա, որ նրանց նշանավոր իշխաններից Յոն Վոդը Չելքումպրի կամ Արմեանուլ (նշանակում է՝ հայ) իշխանի մայրը՝ Սերբեկան, եղել է հայ իշխանուհի։ Այնտեղ կան հայերի անուններ, որոնք պատիվ կարող են բերել յուրաքանչյուր ժողովրդի. Ռումինիայի լուսավորության առաջին նախարար Գեորգե Ասսակե, ռումինական փիլիսոփայության դպրոցի հիմնադիր Վասիլե Կոնտա, մաթեմատիկայի ամենանշանավոր դեմքերից՝ Գեորգե Տրանկու Յաշ, Ռումինիայի առաջին մեծագույն գրաքննադատ Կարապետ Իբրաելյանու: Ռումինիայի գրականության փառքը՝ նրանց ամենամեծ բանաստեղծ Միհայ Էմինեսկուն, որի բուն ազգանունը Էմինովիչ էր, Լեմբերգ (այժմ՝ Լվով) քաղաքից 18-րդ դարում Ռումինիա տեղափոխված հայ առևտրական Մուրադ Էմինովիչի թոռն է: Հայտնի է, որ Լեմբերգի Էմինովիչները չորս մեծ բանաստեղծ են տվել լեհ գրականությանը (Լյուդվիգ, Էդվարդ, Ժան Էմինովիչներ, իսկ չորրորդի անունն այժմ չեմ կարողանում մտաբերել): Դա բացառիկ շնորհալի գերդաստան էր (այդ մասին կարող եք կարդալ գրականագետ Ջորջ Քլինեսկուի, որն Էմինեսկուի լավագույն գիտակն է եղել, 1964 թ. Բուխարեստում հրատարակած «Միհայիլ Էմինեսկու» գրքում): 1876 թվականին, երբ առաջին անգամ լույս է տեսնում Միհայ Էմինովիչի «Լուչաֆրա» («Լուսաստղ») բանաստեղծությունը, հրատարակիչ-խմբագիրը Էմինովիչ ազգանունը ինքնակամ փոխում է՝ դարձնելով Միհայ Էմինեսկու (Էմինեսկուն ռումինացիների «Խաչատուր Աբովյանն» է) և այլ բազում անուններ: 1987 թ., երբ տեղափոխվեցի Գերմանիա` պաշտոնավարելու որպես հարավային շրջանի հոգևոր հովիվ, այնտեղ ևս սկսեցի փնտրել հայկական հետքեր: Գիտեի, որ 1980 թ. Փասսաո քաղաքի Նիդըրնբուրգի թաղամասի տաճարում (որը ժամանակին Բենետիկյան քույրերի վանքն էր և անվանվել է Ֆրաուն Քիրխե), վերանորոգման ժամանակ հայտնաբերվել է «կորած» մի դամբարան։ Դագաղում, ամրակազմ մի տղամարդու ոսկորներից բացի, եղել են գոտու մետաղյա մեկ ճարմանդ, մեկ խաչ և մետաղյա երկու սալիկ, որոնց վրա գրված է եղել հանգուցյալի կենսագրականը։ Չնայած հազարամյա քայքայվածությանը, սալիկների ընթերցումից պարզվել է, որ նա «natione armenum»` հայ էր, Գրիգորիս արքեպիսկոպոս անունով, եղել է մենակյաց և սրբակենցաղ, մահացել 1093 թ. սեպտեմբերի 23-ին ու թաղվել եկեղեցում (այնտեղ թաղվել են միայն մեծանուն սրբերը, եկեղեցակառույց իշխանները և արքաները): Նրա մասին վկայություն կա նաև 1167 թ. Վինդբերգենի պատմությունների և ժամանակագրությունների մեջ. խոսելով սուրբ Էնգելմարի մասին` նշվում է, որ նրա ուսուցիչը եղել է «արքեպիսկոպոս սուրբ Գրիգորը` եկած Հայաստանից» («sancti Gregorii, Armeniorum quondam ut ferunt archiepiscopi»): Փաստն ինքնին վկայում է, որ հայերն այդ տարածաշրջանում վաղուց ի վեր պետք է հաստատված լինեին. հայտնի է 1045 թ. Անիի կործանումից և Բագրատունյաց հարստության անկումից հետո հայերի մեծ գաղթը դեպի արևմուտք: Եթե գաղթած հայությունը Լեհաստանում ստեղծել էր նման զորավոր համայնք, բացառվում էր, որ սահմանակից Գերմանիայում նույնպես հաստատված չլինեին: Պրպտումներս ապարդյուն չանցան։ Գտա Քյոլն քաղաքի Աննո եպիսկոպոսին նվիրված «Աննոլիդ» (1080 թ.) վերնագրով մի ժամանակագրություն, որտեղ, խոսելով բավարացիների ծագման մասին, նշվում էր, որ նրանք եկել են Հայաստանից: Իսկ երբ հետագայում Հանս Ֆ. Նեոհբաուերի «Բավարացիները» (Hans F. Nöhbauer, «Die Bajuwaren», Welt-bild Verlag, Augsburg, 1990) գրքի բազմաթիվ աղբյուրներն ինձ օգնեցին հայտնաբերել թե ովքե՞ր և որտե՞ղ են վկայել բավարացիների հայկական ծագման մասին տեղեկացնող նյութերը (ժամանակագրական տվյալները Հանս Նեոհբաուերը ներկայացրել և մեկնաբանել էր աղավաղված):
– Խնդրում եմ՝ փաստեք օրինակներով:
– Արդեն նշեցի «Աննոլիդ» կոչված ժամանակագրությունը, որտեղ ասվում է.
Ihr Stamm war vormals dorthin gekommen
aus dem hochgelegenen Armenien,
wo Noah aus der Arche ging,
als er den Ölzweig von der Taube empfangen hatte,
auf den Bergen Ararat. (Das Annolied, Herausgegeben von Eberhard Nellmann, Stuttgart, 1999, s. 27).
[Նրանք (խոսքը բավարացիների մասին է) եկել են Հայկական բարձրավանդակից՝ որտեղից ծագում են, ուր Նոյը Տապանը թողեց, Արարատ լեռան վրա, երբ աղավնին բերեց ձիթենու ճյուղը]: Նմանատիպ վկայություն է պարունակում 1170 թ. գրված «Kaiserchro-nik»(«Կայսերական ժամանակագրություն»), որտեղ ևս նշված է, որ բավարացիները եկել են Հայաստանից.
Das Geschlecht der Baiern,
Hergekommen von Armenien,
Wo Noah aus der Arche ging
Und den Ölzweig von der Taube empfing,
Die Spuren der Arche kann man noch sehen
Auf den Bergen, die da heißen Ararat. (Hans F. Nöhbauer, «Die Bajuwaren», Weltbild Verlag, Augsburg, 1990, s. 15).
(Բավարացիների ծագումը Հայաստանից է, ուր Նոյը թողեց իր տապանը, երբ աղավնին բերեց ձիթենու ճյուղը: Նոյյան տապանի հետքերը կարելի է տակավին տեսնել այն լեռան վրա, որ Արարատ է կոչվում): Իսկ 1492 թ. Վայթ քահանա Առնփեկի գրած նշանավոր «Chronica Baioariorum»-ում («Բավարական ժամանակագրություն»), որը բավարական պատմագրության ամենավստահելի աղբյուրներից է, կարդում ենք. «Baioarius mit seinem fraisamen volk hat seinen ursprung aus dem land Armenia und ist mit in ausgezogen mit grosser macht, und sind kommen in das land und funden darin paurenvolk, di sich nerten mit vischen und jagen der wilden thire, und ließen sich da nider und nennten das land nach irem fürsten und herfürer Bavaria» (Hans F. Nöhbauer, «Die Bajuwaren», Weltbild Verlag, Augsburg, 1990, s. 19): («Բայոարիուսն իր ազատատենչ ժողովրդի հետ միասին, որի ծագումը Հայաստանից է, որտեղից դուրս են եկել մեծ խմբով, հասել են այս երկիրը, ուր գտել են խեղճ մի ժողովուրդ, որը սնվում էր ձկնորսությամբ և վայրի կենդանիների որսով: Հաստատվելով այստեղ՝ երկիրն անվանում են իրենց իշխանի և առաջնորդի անունով՝ «Բավարիա»): Նշենք նաև Վայթ քահանա Առնփեկի «Chronica Baioariorum»-ից մեկ այլ տեղեկություն, որի համաձայն՝ Բայոարիուս իշխանն ունեցել է երկու զավակ՝ Բոհեմ կամ Բոհեմունդ և Ինգրամ կամ Ինգրամանդ անուններով: Իսկ Յոհաննես Թուրմայերը (որն, ի դեպ, բավարական պատմագրության հայրն է), 1526 թ. գրած «Bayrische Chronik» ժամանակագրության մեջ Բոհեմունդի անվան հետ կապված ուշագրավ տեղեկություն է հաղորդում։ Խոսելով Բոհեմիայի մասին (այժմյան Չեխիայի Հանրապետությունը)՝ նշում է, որ, որ այն անտիկ գրքերում անվանվել է Հերմինիա, որը նշանակում է Արմենիա: Եվ ինչպես Բավարիան անվանվել էր Բայոարիուսի անունով, նույն կերպ էլ Հերմինիա–Արմենիան վերանվանվել էր Բոհեմ իշխանի անունով՝ Բոհեմիա: Հետաքրքիր է, որ Փոլհաուզենից Վինցենց Փոլը, 1776 թ. անդրադառնալով այս նյութին և մեջբերելով անհայտ պատմիչ Բոբիենսիսին, նշել է. «Կայսր Ֆրիդրիխ Շիկամորուսը խաչակրաց արշավանքի ժամանակ Հայաստանում հանդիպել է ազգերի, որոնք բավարերեն էին խոսում» («Kaiser Friedrich Lobesam sei bei seinem Kreuzzug in Armenien auf Volker getroffen, die bairisch sprachen», Hans F. Nöhbauer, «Die Bajuwaren», Weltbild Verlag, Augsburg, 1990, s. 19): Սա փաստում է, որ 12–13-րդ դարերում բավարացիները դեռ պահպանել էին իրենց մայրենին՝ Հայկական Կիլիկիայի հայերենը: Համաձայն վերոհիշյալ ժամանակագրությունների՝ Հայաստանից եկած այդ քաջերը հերոսաբար կռվել են Հուլիոս Կեսարի բանակի դեմ, նշանակում է՝ նրանք այնտեղ էին դեռևս Ք. ա. 2-րդից 1-ին դարերում։ Այս մասին կան նաև այլ աղբյուրներ, որոնք պատրաստվում եմ հրատարակել առանձին հոդվածով։ Հայ-բավարական առնչություններին վերաբերող նյութերի շարքում հարկ եմ համարում մեջբերել նաև 1987 թ. Բեյրութում հրատարակված Հակոբ և Լևոն Թորոսյանների «Գերմաներէն-հայերէն բառարանի» նախաբանում շարադրվածը. «Գերմաներէնը կը պատկանի հնդեւրոպական լեզուներու հնդգերմանական ճիւղին, ազգակից հայերէնին: Սոյն բառարանի պատրաստութեան ընթացքին երեւան հանեցինք հազարէ աւելի արմատ եւ մասնիկ, որոնք առնչակից են հայերէնին: Այս ուղղութեամբ պատրաստած ուսումնասիրութիւնս հրատարակեցաւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնաթերթ «Հասկ»-ի միացեալ 1–6 թիւերուն մէջ»:
– Գերմանացի հայագետներն անդրադարձե՞լ են այս ամենին 19-րդ դարի կեսերին՝ Գերմանիայում հայագիտության զարգացման արշալույսին:
– Դժբախտաբար, չէին կարող դրան անդրադառնալ, որովհետև 19-րդ դարում նման հզորության հասած Գերմանիայի ոչ մեկ քաղաքացի պիտի ուզենար իր ժողովրդի մի կարևոր հատվածի արմատները տեսնել խեղճ ու կրակ, պարսկական, թուրքական ու ռուսական լծի տակ տառապող ինչ-որ մի ժողովրդի մեջ… Ինչ խոսք, եթե Հայաստանը կայսրություն լիներ կամ գոնե պետություն, թերևս լինեին մարդիկ, որ ուզենային խոստովանել ճըշմարտությունը: Չնայած 19-րդ դարում այս նյութին ոմանք անդրադարձել են, սակայն դրանք հիմնականում եղել են մերժողական բնույթի, այսինքն՝ անհիմն հիմնավորումներով հերքել, մերժել են բավարացիների հայկական ծագման մասին գոյություն ունեցող գերմանական պատմական աղբյուրներում նշված տվյալները։ Նույնիսկ Յոհաննես Թուրմայերն իր ժամանակագրության յուրաքանչյուր տեղեկություն գրելիս հիմնվել է անտիկ գրքերի տվյալների վրա: Կասկածել և շարունակում են կասկածել նրա տեղեկությունների հատկապես այն հատվածները, որոնք վերաբերում են հայերին և Հայաստանին։ Եվ, ցավոք, այդ մերժողական տրամադրությունները, որ սկսվեցին հատկապես Ե. Ա. Քիթցմանից (E. A. Quitzmann, Die heidnische Religion der Baiwaren, Leipzig, 1860 և E. A. Quitzmann, Die alteste Geschichte des Baiern bis zum Jahre 911, Braunschweig, 1873) շարունակվում են առ այսօր։
– Ձեր ուսումնասիրությունների ընթացքում ի՞նչ այլ աղբյուրներ եք բացահայտել:
– 1997 թ. ինձ տրամադրեցին Լոնդոնում 1861 թ. հրատարակված անգլո-սաքսոնական ժամանակագրության մի պատճեն՝ անգլիացի նշանավոր պատմաբան Բենիամին Թորփի քառահատորյակի առաջին հատորից. Benjamin Thorpe, The Anglo-Saxon Chronicle, Vol. I, Original Texts, London, 1861, (հարկ ենք համարում նշել, որ Թորփը 19-րդ դարում ի մի էր բերել բոլոր անգլո-սաքսոնական ժամանակագրությունները և դրանք քառահատորյակով հրատարակել): Խոսելով Անգլիայում ապրող ժողովուրդների մասին՝ նշում է. «And here are in the island five peoples: English, Brito-Welsh, Scottish, Pictish and Book-Latin. The first inhabiting this land were Britons: they came from Armenia, and first settled southward in Britain» («Եվ այստեղ՝ կղզում, կա հինգ ժողովուրդ՝ անգլիացի բրետո-վուելշ, շոտլանդացի, փիկտ և բուկ-լատին: Այս երկրի առաջին բնակիչները՝ բրետոնները, եկել են Հայաստանից և նախ հաստատվել Բրիտանիայի հարավում»: Ցավոք, հովվական պաշտոնիս պատճառով անհնար էր հատուկ մեկնել Լոնդոն՝ տեղում հարցի ուսումնասիրության մեջ խորանալու։ Բայց երբ եկա Ֆրանսիա և լսեցի Ֆրանսիայի բրետոնների մասին, վերսկսեցի պրպտումներս։ Հստակ էր մի բան՝ բավական էր Լա Մանշն անցնեին, որպեսզի Ֆրանսիայի բրետոնները հայտնվեին Անգլիայի հարավային մասում։ Ֆրանսիայի բրետոններն էլ, ամենայն հավանականությամբ, պահած պիտի լինեին իրենց հայկական հետքերը։ Հարկ է նշել, որ Ֆրանսիայի բրետոնները, բասկերի նման, առ այսօր պահում են իրենց լեզուն, սովորությունները, յուրահատուկ ազգային երգն ու պարը, որը շատ նման է հայկական ազգային երգ ու պարին, իսկ նրանց ազգային երաժշտական գործիքը նման է մեր տկզարին և պարկապզուկին։ Նույնիսկ բնավորությամբ՝ համառությամբ: Ուշադրությունս առաջինը գրավեց ֆրանսիական Բրետոնիայում գոյություն ունեցող պատմական փարոսը՝ Արմեն անունով, ապա հայկական ծագում ունեցող Արսեն, Աստղիկ, Անահիտ, Վազգեն, Ամուրի, Կարոտ անունները։ Իսկ անունների փոքրացուցիչ՝ փաղաքշական մասնիկը նույն հայկական իկ-ն է (Արամ-Արամիկ, Վարդան-Վարդանիկ, բրետոներենում՝ Յան-Յանիկ, Սեդրը-Սեդրիկ): Բրետոնիայում կա պատմական մի քաղաք Վան անունով, իսկ նրա հիմնադիրներին անվանում են վանեցի։ Բրետոնիայի Քրոզոն քաղաքի տաճարում պահպանվել է 16-րդ դարի մի սրբապատկեր՝ «Արարատի տասը հազար մարտիրոսներին», ուր պատկերներով պատմվում է 2-րդ դարում Ադրիան կայսեր օրոք (117–138) Հայաստանում քրիստոնյաների հալածանքների ժամանակ մարտիրոսացած տասը հազար զինվորների մասին, որոնցից ինը հազարը հայ էին, հազարը՝ հռոմեացի։ Ֆրանսերեն բացատրության մեջ նշվում է. «Le retable des Dix mille Martyrs est un chef d’oeuvre de l’art Bréton du début du 16-ème siècle. Il est dû sans doute à des artisans Bréton .… la Passion de soldats chrétiens qui auraient été martyrisés, près du mont Ararat, en Arménie (Turquie actuelle)». (Edition Jos le Doaré).
Հարցի գիտական ուսումնասիրությանն օգնեց բրետոներեն-ֆրանսերեն բառարանը: Կարճ ժամանակ անց արդյունքն արդեն շոշափելի էր։ Ի զարմանս ինձ՝ միայն «ա» տառի տակ գտա բազում հայերեն բառեր, որոնք բրետոներենում նույնիմաստ են: Օրինակ՝ aba՝ հայերեն ապա, arvest՝ ներկայացում, նկար, բեմ (այսինքն՝ արվեստ), arvor՝ աղվոր, ծովի եզերք, ծովափ, aspadenn՝ ավերակ, ասպատակել, aspedus՝ ասպետ, arzh՝ արջ, asa՝ ասա (բացականչական), askoan՝ այսքան, adkoan՝ այդքան, askorn՝ ոսկոր, astr՝ աստղ, arz՝ արծն, արվեստ (բրետոնական և գալլիական զարդեղենները հաճախ եղել են էմալապատ, որը հայերենում անվանվում էր արծն։ Բացի այդ՝ արծնել նշանակում է «տաքցուցած երկաթով կամ գունաւոր մոմով տախտակի վրայ նկարել» (Առձեռն Բառարան Հայկազեան Լեզուի, Վենետիկ, 1865, էջ 159) և այլն: Աշխատանքը և ժամանակը տակավին կամբողջացնեն այս նյութին առնչվող փաստերի ցանկը։ Երբ ուսումնասիրության ընթացքում ընթերցում էի Ֆլամարիոնի «Ֆրանսերեն լեզվի բառարանը», ֆրանսերենի ծագման բաժնում գոլուաների (գալլեր) մասին կարդացի. «Les Gaulois sont installés sur le territoire actuel de la France relativement tard, vers 500 av. J. C. Originaire de Bohéme ou de Baiére, ils parlaient une langue indo-europénne de type celtique (comme le bréton ou le gaélique)» (Dictionnaire Flammarion de la langue française, Paris, 1999, page IV): Այսինքն` «Գոլուաները հաստատվել են ներկայիս Ֆրանսիայի տարածքում ավելի ուշ՝ մոտավորապես Ք. ա. 500 թ.: Ծագումով Բոհեմից կամ Բավարիայից են: Նրանք խոսում էին հնդեվրոպական մի լեզվով՝ կելտերեն, ինչպիսին է բրետոներենը կամ գայլիկը» (անգլո-սաքսոնական ժամանակագրության մեջ, որտեղ խոսվում է Անգլիայում ապրող հինգ ժողովրդի մասին, որպես երկրորդ նշված էր բրետո-վուելշը, այսինքն՝ բրետոնները և վուելշերը նույնացվել են, իսկ վուելշերը Ֆրանսիայում անվանվել են գայլիկներ): Այսպիսով հայտնվում ենք ծագումնաբանական մի եռանկյունու առջև: Եթե գալլերը գալիս էին Բավարիայից և խոսում էին մի լեզվով, ինչպիսին բրետոներենն էր, հետևաբար երեքն էլ նույն արմատը պետք է ունենան, այսինքն՝ երեքն էլ ծագումով պետք է լինեն Հայաստանից: [Ֆրանսիայում կան հայկական անուններ, որոնք կարևոր դեր են խաղացել Ֆրանսիայի պատմության մեջ: Օրինակ՝ Մարսել քաղաքի ամենահին և նշանավոր Սուրբ Վիկտորի վանքը 416 թվականին հիմնադրել և կառուցել է Ժան Կասիան անունով մի հայ վանական, իսկ ֆրանսիական առաջին բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել է Շարլըմանի (Կարլ Մեծի) ժամանակ՝ 806 թ., Օրլեանից ոչ շատ հեռու՝ Սեն Ժերմեն դը Փրիում, ճարտարապետը հայազգի Օդդո լը Մեսենն է: Կամ՝ կենտրոնական Ֆրանսիայում կան գյուղեր Մոռնաս, Չորնաս, Քոռնաս, Սեր, Հայերը (Les Arméniens) անվանումներով, սակայն այս բոլորը մասնակի երևույթներ են]: Բավարացիների և բրետոնների մասին բավական փաստեր ունեի, մնում էր վկայություն փնտրել գալլերի մասին։ Եվ այն գտանք «Ալֆա» հանրագիտարանի 7-րդ հատորում (էջ 2795–2797): «Գալլեր» բառահոդվածում կարդում ենք. «Գոլուաներն իրենց ոսկերչական զարդերը պատում էին մարջանագույնով և էմալով: Այդ տեխնիկան նրանք բերել են Կովկասից»: Գալլերեն լեզվի ենթաբաժնում կարդում ենք. «Մարսելի շրջանի գալլերը նամակագրական կապ ունեին Անատոլիայում ապրող գալաթների հետ և որևէ խնդիր չունեին միմյանց հասկանալու, քանզի միայն բարբառի տարբերություն ունեին»: (Ի դեպ այս տեղեկությունը Հուլիոս Կեսարինն է. «IVLI CAESARIS COMMENTARIORVM DE BELLO GALLICO LIBER PRIMVS». նրա օրոք «Անատոլիա» հասկացությունը գոյություն չի ունեցել): Իսկ գոլուաների-գալլերի կրոնին վերաբերվող բաժնում գրված է, որ նրանք պաշտում էին մոտ 400 աստծու, որոնց թվում էր նաև Արջ աստվածուհին, որին գալլերն անվանում էին Արցիո (բառը գրված է լատիներեն՝ Artio), (բասկերը արջին Արցա են անվանում՝ ըստ բասկագետ Վահան Սարգսյանի): Այս երեք ժողովուրդների ծագման մասին նյութերը պատասխանում են եվրոպացի գիտնականների այն հարցումին, թե «Qui sont exactement les Celtes de l’Antiquité? A cette interrogation légitime il est impossible de répondre» («Ովքե՞ր են իրապես անտիկ ժամանակաշրջանի կելտերը: Այս հարցմանն անհնար է պատասխանելը»), իսկ շարունակության մեջ նշում է. «Les Celtes occidentaux reçoivent le nom de Gaulois… les habitants des îles Britanniques sont appelés Bréton»(«արևմտյան կելտերն ընդունեցին գոլուա անունը, Բրիտանիկ կղզու բնակիչներին անվանեցին բրետոններ…»): Վերոնշյալ անորոշ հարցմանը պատասխանում են ինչպես գերմանական «Hergekommen von Armenien», այնպես էլ բրետոնական «They came from Armenia» աղբյուրները՝ պարզելով՝ կելտերին անծանոթ այդ երկիրը «Սուրբ օրենքների երկիր» համարվող Հայաստանն է (շումերներն այսպես էին անվանում Արատտան): Այդ հարցին դեռ տարիներ առաջ տաղանդաշատ գիտնական Մարտիրոս Գավուքչյանը մանրակրկիտ անդրադարձել է իր «Կելտական ցեղերի նախահայրենիքը և կելտա-կովկասյան շփումները» ուսումնասիրության մեջ, իսկ այժմ էլ Ռուբեն Եղիազարյանն է իր «Կելտական խորհրդանիշը և հայկական ավանդությունը» գրքով (ռուսերեն, Երևան, 2005) նոր խոսք է ասում այդ նյութի մասին։ Ովքե՞ր էին իրապես այդ զարմանահրաշ կելտերը։ Նրանք եվրոպական մշակույթի հիմնադիրներն էին, եվրոպական ամեն մի երկրում ունեցել են իրենց ուրույն անունը և համարվել տվյալ երկրի նախահայրերը. Իտալիայում նրանք անվանվել են Էտրուսկներ (համաձայն մերօրյա գիտնականների՝ եկել են Հայաստանից), Ավստրիայում՝ նորիկյաններ (Noriker), Գերմանիայում՝ բավարացիներ, Անգլիայում՝ բրետոններ, Չեխիայում՝ բոհեմներ, Ֆրանսիայում՝ գալլեր…
– Վերոհիշյալ հարցերով երբևէ այլ ուսումնասիրողներ զբաղվե՞լ են:
– Բավարացիների հայկական ծագմանն անդրադարձել են գերմանացի որոշ գիտնականներ` բավական զգուշավորությամբ: Նրանց պարագլուխը` Քիցմանը, վերջնականապես թաղեց այդ հարցը… Խնդրին անդրադարձել է նաև Գերտա Թոփակյանը (Ավստրիա): «Հանդէս ամսօրեայ»-ի մեջ այդ մասին 1987 թ. տպագրել է «Die Bayerisch-Armenische Stammessage» («Բավարա-հայկական ավանդազրույցներ») հոդվածը, սակայն պարզորոշ տեսակետ չունի խնդրո առարկա հարցի վերաբերյալ: Թոփակյանը պարզապես հիշատակել է մեզ հետաքրքրող հարցին առնչվող բոլոր դրական և բացասական հոդվածները: Ի դեպ, այդ հոդվածում բրետոնների և գոլուաների մասին որևէ անդրադարձ չկա: Բրետոնների հայկական ծագման մասին փաստաթուղթը ամփոփված է անգլո-սաքսոնական քառահատոր ժամանակագրության առաջին հատորում (1861 թ. հրատարակել է Բենիամին Տորպը): Ուսումնասիրել եմ Ֆրանսիայի բրետոնների լեզվական հարցերը` հիմք ունենալով «Roparz Hemon, Ronan Huon, Dictionnaire Bréton/Français, Français/Bréton, an Hereal Liamm» (Plougastell-Daoulaz, 2002), այսինքն` «Բրետոներեն-ֆրանսերեն, ֆրանսերեն-բրետոներեն բառարանը»: Անհամեստորեն ասեմ, որ բրետոնների և գոլուաների կամ գալլերի հայկական ծագման հարցը առաջին անգամ ես եմ արծարծել: Այս նյութերը մեզ հնարավորություն են տալիս խորհելու՝ վերջապես ովքեր ենք եղել մենք, շումերների լեզվով ասած, արատտացի հայերս, որոնց նրանք «անմահության գաղտնիքն իմացողներ» էին անվանում, հայտարարում «Աստվածների ընտրած ժողովուրդ»: Այս ամենին անդրադառնալուց հետո պարտավոր ենք գիտակցել, թե կարիք չունենք նմանվելու նրանց, որոնց նախահայրերի հայրենիքը Հայաստանն է եղել։ Ուրեմն լավ է լինենք այնպիսին, որպիսին էինք երեկ՝ հիացնելով թե՛ շումերներին և թե՛ այլոց… Բավակա՛ն է… Բոլորին այնքան ենք տվել, որ մեզ ոչինչ չի մնացել։ Կարծում եմ ժամն է անդրադարձի և վերակազմավորման՝ ազգային բարձր գիտակցությունը և ճշմարիտ ինքնաճանաչումը հիմք ունենալով և ո՛չ սնապաշտությունն ու անհիմն սնապարծությունը։ Վեր հանելով մեր անցյալը՝ հարություն պիտի տանք մեր ինքնությանը, քանզի անցյալն է ապագայի հիմքը, իսկ առանց անցյալի անորոշ է Ազգի ապագան։

«Վէմ» ռադիոկայան, 9. 03. 2005
«Գոլոս Արմենիի» (ռուսերեն, կրճատումներով), 4. 11. 2006
«Գոլոս Արմենիի» (հայերեն, կրճատումներով), թիվ 22, 15–21 նոյեմբերի, 2006
Դարը` մեր մեջ, մենք` դարի (Հրապարակախոսություն), ժողովածու, հատոր 2, 2007, էջ 139–148

 

Добавить комментарий