ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ

Վանի և Վասպուրականի նահանգի հայ բնակչության համար Գրիգոր Նարեկացին վաղուց անտի սրբերի շարքն էր անցել։ Նրա «Մատյան ողբերգության» գիրքը դարձել էր հույսի ու հավատի փարոս, մի տեսակ գերբնական բանալի կյանքի բոլոր փակ ու դժվարին դռները բացելու համար։

Երբ մեկը հիվանդ էր լինում, նրա գլխին «մի տուն Նարեկ» էին կարդում, կամ նրա բարձի տակ դնում էին Նարեկացու բանաստեղծությունների գիրքը։ Դա համարվում էր «միակ բուժիչ դեղը» բոլոր տեսակի հիվանդությունների դեմ։ Բժիշկ հրավիրելու փոխարեն Նարեկացու գիրքն էր, որ տնից-տուն էր տարվում, ուր հիվանդ կար պառկած։
Երբ մեկը մի նոր գործ էր սկսում, «Նարեկ էր կանչում»։ Երբ մեկը դժվարին կացության, նեղության աղքատության և պարտքի մեջ էր ընկնում, Նարեկացու վանքին մոմ էր խոստանում։ Ամուլ կանայք, պտղաբերելու հույսով, ջերմեռանդ աղոթքներով, Նարեկացուն «մատաղ» էին խոստանում։ Նորածիններին, մեծ մասամբ, Նարեկ վանք էին տանում մկրտելու։ Հաշմանդամները, անդամալույծները, անբուժելի ռևմատիկները հենված իրենց ցուպերին, հուզիչ ջերմեռանդությամբ շտապում էին «մուրազակատար» Նարեկա վանքը՝ փրկություն գտնելու համար։
Տարին մի անգամ, «Նարեկա ուխտին», Վանի և Վասպուրականի հայ ժողովուրդը մեծ պատրաստություններով, «նաղարա-զուռնայով», խորին երկյուղածությամբ, քայլում էր դեպի բանաստեղծի անունը կրող վանքը, որը գտնվում էր Վանա լճի հարավային ափին, Նարեկ գյուղում։
Գնում էին ոտքով, մեծ մասամբ ոտաբոբիկ, որպեսզի «ուխտը ընդունելի լիներ»։
Գնում էին մոլեռանդ հույսի անմարելի կրակով։
* * *
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ

Համաշխարհային առաջին պատերազմից մի տարի առաջ, երբ ես տասնամյա մանուկ էի, ծնողներս որոշեցին գնալ Նարեկ՝ «ուխտի»։
Որքան հիշում եմ, ծնողներս տանում էին մկրտելու իմ կրտսեր քույր Սիրանուշին (Նուշիկ), որն այդ ժամանակ մի տարեկան էր։
Հայրս՝ Վանում հայտնի հյուսն ուստա Մարտիրոսը, ջերմեռանդ հավատացյալ չլինելով հանդերձ, ոչ մի ուխտագնացություն բաց չէր թողնում։ Եվ ամեն տեղ մորս և ինձ անպայման իր հետն էր տանում։ Այսպիսով, ես կյանքիս մանկական տարիներին, մի քանի անգամ եղել եմ Վարագի, Կարմրվորի, Սուրբ Խաչի, Սուրբ Հակոբի, Սուրբ Գրիգորի և մեկական անգամ՝ Աստվածածնի (Տիրամոր) և Նարեկի ուխտերին։
Համաժողովրդական այդ ուխտագնացություններն անջնջելի տպավորություն են թողել մանկական հիշողություններիս մեջ։
* * *
Գնում էինք դեպի Նարեկ՝ հայրս, մայրս և ես։
Գնում էինք ոտքով։
Հայրս ու մայրս, փոխնիփոխ, իրենց կրծքին սեղմած, տանում էին փոքրիկ Նուշիկին։
Աշուն էր։ Հետևում մնացին Վանը, Արտամետը՝ բուրավետ խնձորների իր այգիներով, համանուն գետի ափին ծվարած Անգղ գյուղը։
Կեսօրից հետո մենք դուրս եկանք Վանա լճի ափը։ Բայց դրանով թևակոխեցինք վտանգավոր մի շրջան։
Այն ժամանակ այդ կողմերումն էր գտնվում քուրդ հայտնի ավազակապետ Սմկոն, որն իր ավազակախմբով թալանում, կողոպտում, սպանում էր աշխատասեր, խաղաղ հայ ժողովրդին։ Եվ Նարեկի ուխտագնացներից յուրաքանչյուրը գիտեր, որ իր ճանապարհը գնում էր դեպի իրական վտանգ, դեպի ստույգ մահ, դեպի բարբարոս Սմկոյի բանակատեղին։ Գիտեր, բայց և այնպես գնում էր։
Մեծ էր սրբացած բանաստեղծի համայքը։ Մեծ էր հավատքը դեպի նա։ Մենք գնում էինք լճափին ձգված փխրուն կածանով, որը մոտ էր համարվում ստույգ վտանգի վայրին։
Քայլում էինք սուսուփուս, քայլում էինք այնպես, որ մեր ոտնաձայնը ոչ ոք չլսի։
Աջից ծփում էր Բզնունյաց կապույտ ու վճիտ լիճը, ձախից բարձրանում էին պղնձագույն ժայռերի վիթխարի զանգվածները, որոնք համարվում էին քուրդ ավազակապետի արյունոտ որջը։
Ճանապարհի այդ վտանգավոր հատվածում մեր փոքրիկ Նուշիկը սկսեց իր անգիտակից, բայց ծնողներիս համար ճակատագրական թվացող լացը։
Ծնողներս կարծում էին, որ քուրդ ավազակները մանկան լացի հետքերով կգան ու կսպանեն մեզ։
Հայրս ու մայրս երեխայի բերանը սեղմում էին ձեռքերով և աղոթում, անիծում, «Նարեկ էին կանչում»… բայց իզուր… Նուշիկը, գնալով իր ձայնն ավելի ու ավելի էր բարձրացնում, կարծես թե անպայման նպատակ ուներ իր լացը հասցնել Սմկոյի ականջին։
Հուսահատ ծնողներս, վերահաս վտանգի վախից, ծվարեցին լճափի ժայռերի արանքում և խաղալիքներ, շաքար, լճափի գույնզգույն, ողորկ քարեր սկսեցին սեղմել գազազած մանկան ձեռքը։ Բայց անօգուտ, նա ճչում էր ու ճչում։
–Էսա բայկուշ ի, Մարտիրո՛ս, էնկանդար պիտի վայի, որ մեր կլյոխն ուտի,– ասում էր վախից և հուզմունքից դողացող մայրս, ապա, խոսքը մանկանն ուղղելով, շարունակում էր.
–Ծենդ կտրի, կլյխակե՛ր, տես կը թալեմ ծով, կերթամ, սրտամե՛ռ, ուղուրսուս աղջիկ, սև էլներ էն օր որ տյու աշխարհ չիկիր…
Բարեբախտաբար Սմկոյի ականջներն այդ ժամանակ երևի հեռու էին գտնվում Նուշիկի մատնող լացից, և այս անգամ մենք փրկվեցինք։
Երբ Նուշիկը ճչալուց հոգնեց, թմրեց ու քնեց, մորս աղոթքների տակ շարունակեցինք վտանգավոր մեր ճանապարհը։
Երեկոյան մթնշաղին հասանք մի մեծ գյուղ (կարծեմ Ոստան), ուր հավաքված էին Վանից ու գավառներից եկած եկած բազմաթիվ ուխտավորներ։ Պետք է գիշերեինք այդ գյուղում։
Սմկոյի ավազակախմբի վտանգը դեռ շարունակում էր սպառնալ ուտավորներին։ Այդ իսկ պատճառով, կանանց և երեխաներին քնացնելով, տղամարդիկ, մեծ մասամբ զինված կազմ-պատրաստ, շրջում էին գյուղի փողոցներով։
Կեսգիշերին լսվեցին համազարկեր։ Կանանց ու երեխաների մեջ սկսվեց խուճապ։ բոլոր կողմերից լսվում էին լացի ու հեծկլտոցի ձայներ։ Ինչպես իմացանք, մոտակա սարից իջնում էր Սմկոյի ավազակախումբը ուխտավորներին թալանելու, առևանգելու և սպանելու մտադրությամբ։
Զինված տղամարդիկ անմիջապես բարձրացան սարը։ Կանայք և երեխաները, չոքած գետնին, լալիս ու բարձրաձայն աղոթում էին։
Հրացանաձգությունը գնալով ուժեղանում էր։
Մարտը տևեց մինչև լուսաբաց։ Սմկոյի ավազակներին ջարդելուց և փախցնելուց հետո քաջերը հպարտ և հանդիսավոր ետ վերադարձան։
Սկսվեց հուզիչ մի իրարանցում։ Ամեն մեկը փնտրում էրիր հարազատներին, գրկախառնվում, լալիս ու ծիծաղում։
– Մեծ է Նարեկի զորությունը,– ջերմեռանդությամբ բացականչում էին կանայք, ձեռները վեր կարկառած։
Առավոտյան բոլոր ուխտավորները, մեծ մի երթ կազմած, զինված տղամարդկանց ապահով շղթայի մեջ, շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Նարեկա վանք։
Այսպես, կյանքն ստույգ վտանգի ենթարկելով, փորձությունների միջով, մահվան դեմ մաքառելով, ժողովուրդը գնում էր դեպի իր Նարեկացին…
Ուխտավորների քարավանն, առանց բացառության, քայլում էր ոտքով, ոմանք էլ՝ ոտաբոբիկ։
* * *
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ | Նարեկավանք

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ | Նարեկավանք

Ամեն տեսակի դժվարությունները հաղթահարելուց հետո հաջորդ օրվա կեսօրին մենք արդեն Նարեկ գյուղումն էինք, որի կենտրոնական հրապարակում բարձրանում էր Նարեկավանքը։
Շրջապատում լսվում էին Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բարբառները։
Վասպուրականի նահանագի բազմաթիվ գյուղերից զատ, այստեղ ուխտի էին եկել նաև Սասնո սարերից և Մշո դաշտերից։ Ինչպես իմացանք, ուխտավորների մեջ կային նաև մեծ թվով թրքուհիներ և քրդուհիներ, որոնք, ինչպես երևում է, նույնպես հավատում էին Նարեկացու հրաշագործ զորությանը։
Գյուղի փողոցներում, վանքի շուրջը տասնյակ և հարյուրավոր օջախների վրա եփվում էին Նարեկացուն խոստացած «մատաղները»։
* * *
Երեկոյան կողմ, վանքի լայնածավալ, ընդարձակ հրապարակում՝ սկսվեց համաժողովրդական այնպիսի մի պար, որը ես երբեք մոռանալ չեմ կարող։
Հրապարակի կենտրոնում հավաքվել էին բոլոր գավառներից եկած տասնյակ «նաղարա-զուռնաները», որոնց շուրջը բոլորվել էր մի քանի հարյուր մարդուց կազմված պարի կլոր, մեծ շրջանը։
Իմ մանկական աչքերի առաջ փռված էր հեքիաթային թվացող հետևյալ տեսարանը.
Պարաշրջան մտած տղամարդիկ՝ իրենց «քալազներով» և նրանց շուրջը փաթաթված «փուշիների» երկար ու ծածանվող ծոպերով, «չուռ-քյազախիկներով», բոլոր վառ գույներից զարմանալի համադրությամբ ծաղկանկարված, և մինչև կրունկները հասնող լայն շալվարներով, ջահել հարսներն ու աղջիկները՝ գույնզգույն, խաս գլխաշորերով, «վելոներով», մետաքսյա «ֆստաններով» և «զպուններով», ճակատներին, վզերին, բազմահյուս մազերի ծոպերին, զրնգացող արծաթյա, ոսկյա, պղնձյա դրամներով, հուլունքներով ու կոճակներով, ականջներին, քթերին, բազուկներին ու մատներին շողշողացող բազմատեսակ զարդերով՝ ստեղծել էին գույնի, ռիթմի, կենսուրախության կախարդական այնպիսի մի տեսարան, որի առաջ նսեմանում են նկարչի վրձինն ու գրողի գրիչը։
Եվ կախարդական այս շրջանը տակավ առ տակավ ավելի լայնանում, տարածվում և բռնում էր ողջ հրապարակը, որովհետև, գնալով, պարաշրջանն էին մտնում նորերը, և ոչ ոք չէր հեռանում։ Տասնյակ «նաղարա-զուռնաները» դղրդացնում էին մթնոլորտը, և նրանց արձագանքը գնում էր մարելու հանդիպակաց կանաչ լեռներում, մթին ձորերում և ընկուզենիների անտառում։
Իսկ պարը՝ գույների գայթակղեցուցիչ վիթխարի այդ օղակը, շարժվող այդ ծիածանը, դեռ պտտվում էր ինքն իր շուրջը, մերթ՝ դանդաղ, հանդիսավոր, մերթ՝ մրրիկի պես խոլ ու ցիցող։
Պարում էին անվերջ, անընդհատ, առանց հոգնելու։ Միայն պարի եղանակներն էին որ երբեմն փոխվում էին։
Մթնշաղի հետ սկսեց անձրև տեղալ, նախ հանդարտ, ինչպես պարը, և ապա՝ հորդ, ինչպես պարը…
Թրջված «նաղարաներից»՝ համարյա ձայն չէր գալիս, «զուռնաների ձայները» խզվել էին։ Պարողների տրեխները թրջվել, փափկել և ճողփում էին ջրի ու ցեխի մեջ, բայց նրանք՝ էքստազի մեջ՝ պարում ու պարում էին իրենց դյութական պարը։ Պարում էին տղամարդիկ, հարսներն ու աղջիկները։
Եվ այսպես, առանց հովնելու կամ անձրևից հուսախաբվելու, նրանք պարեցին համարյա ամբողջ գիշերը։
(Արվեստի համաժողովրդական այսպիսի «Օլիմպիադաներ», առավել կամ նվազ հանդիսավորությամբ, ես տեսել եմ նաև բազմաթիվ այլ ուխտատեղիներում)։
Սուլթանական արյունարբու բռնակալության, «սեփական» կամ այլ ազգի վաշխառուների ու կեղեքիչների լծի տակ տնքացող, տրորվող հայ ժողովուրդը տարին մի անգամ այսպես հավաքվում էր իր ուխտատեղիներից մեկի շուրջը, մոռանում ամեն ինչ, պարում էր, զվարճանում և դրանով հանում իր դարավոր ոխը կյանքից…
* * *
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ
Վանքի դռները դեռ փակ էին և մինչև կբացվեին, տասնյակ ու հարյուրավոր ուխտավորներ ջերմեռանդությամբ համբուրում էին վանքի հնամենի պատերը և մամռակալած, սևացած դռները։
Հաջորդ օրվա առավոտյան, վերջապես, տեղի ունեցավ վանքի պաշտոնական բացումը, և ժողովրդի մասսայական մուտքը՝ նրա դռներից ներս։
Իմ մանկական հուշերում դեռ անջնջելի է մնացել հետևյալ տեսարանը։
Ժողովուրդը վանքի դռների մոտից ծնկաչոք գնում էր դեպի վանքի խորքը, ուր գտնվում էր Նարեկացու գերեզմանը՝ ծածկված սրբատաշ և հղկված գերեզմանաքարով։
Գերեզմանաքարի վրա դրված էր մեծ մի սինի (սկուտեղ)։
Երբ մենք ներս մտանք, այդ սինին արդեն լիքն էր արծաթյա, ոսկյա դրամներով և թանկարժեք զարդերով։
Ծնկաչոք ներս սողոսկող ամեն մի ուխտավոր նախ համբուրում էր մեծ բանաստեղծի գերեզմանաքարը, և ապա՝ գերեզմանաքարի վրա դրված սինու (սկուտեղ) մեջն էր գցում ինչ թանկագին բան, որ ուներ իր մոտ կամ ինչ որ խոստացել էր «իր սրբին»։
Կանայք ու աղջիկները պոկում էին իրենց վզերի ոսկեշար մանյակները, ճակատների զարդոսկիները, ոսկյա ապարանջաններն ու ականջի օղերը և մեծ սրտաբացությամբ նետում սինու մեջ։
Վերոհիշյալ սինին (սկուտեղ) օրվա մեծ մի քանի անգամ դատարկվում և լցվում էր նորից։
Ինչ խոսք, որ վանքի սպասարկու հոգևոր պաշտոնյաները մեծ բանաստեղծի համաժողովրդական այս մեծ «հոնորարից» կուտակում էին անսպառ հարստություն։
Նարեկացու գերեզմանին տրվող այցելությունը տևեց մի քանի օր։ Մի անգամ գնացողը գնում էր երկրորդ անգամ…
Պարերը և կերուխումը տևում էին ցերեկ թե գիշեր։ Ով ինչ լավ բան ուներ տանը՝ բերել էր այստեղ վայելելու։ Կարծես թե ոչ ոք քնել չէր ուզում։ Ամենքին համակել էր երգն ու պարը…
Շատ տարիներ են անցել նշանավոր այդ օրից, բայց իմ հուշերում անջնջելի է մնացել համաժողովրդական այդ մեծ տոնախմբությունը Նարեկա վանքում։
Եվ այժմ, երբ գրում եմ այս տողերը, սիրտս ուռչում է հպարտությունից, երբ մտածում եմ, որ համաժողովրդական այդ մեծ պատիվը տրվում է մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն, որը վաղուց ի վեր սովորական մահկանացուների շարքից անցել էր սրբերի շարքը։
* * *
Մի քանի օր հետո սկսվեցին մասսայական այցելություները դեպի Նարեկացու աղոթատեղին (ճգնարան)։
Աշնանային բնությունը պճնվել էր փերթամ ու գեղեցիկ։ Քայլում էինք դեղնած խոտերի, գույնզգույն ծաղիկների միջով, խոխոջուն վճիտ առվակների ափերով, երբ, վերջապես, ծփացող կանաչավուն ալիքներով կրկին մեր առաջ փռվեց «ծիծաղախիտ Վանա ծովը»։
Նարեկացու նույնպես սրբացած, առեղծվածային աղոթատեղին գտնվում էր Վանա լճի ափին, ասես վիթխարի դանակով՝ վերից-վար ուղիղ կտրված միակտուր ժայռի խորքում։
Ժայռը լճից անջատվում էր փխրուն ավազի բարակ մի շերտով։
Այր-աղոթատեղին գտնվում էր գետնից մոտ հինգ մետր բարձրության վրա։
Ուղղահայաց վիթխարի այդ ժայռի վրա փորված էին ձեռքերի ու ոտքերի տեղեր, որոնցից կառչելով մարդիկ, մողեսների պես, վեր էին մագլցում դեպի քարայրը, ուր ըստ հնոց վկայության, տարիներով «ճգնել» ու «ապաշխարհել» Գրիգոր Նարեկացին։
Երբ հերթը մեզ հասավ, և, դժվարությամբ վեր մագլցելով, վերջապես քարայրի կամարաձև մուտքից ներս մտանք, մեր առջև բացվեց հետևյալ տեսարանը։
Միակտուր, կարծր ժայռի մեջ փորված էր մարդու հասակից քիչ բարձր կամարակապ մի խորան, որի պատերը սևացել էին մոմի կամ մարխի լույսից, ժանգոտել ու մամռակալել։ Կամարաձև ժայռի ճեղքերում աճել և դեպի ներքև էին կախվել ինչ-որ տարօրինակ բույսեր, որոնք չգիտես, թե որտեղից էին սնվում։
Քարայրի կենտրոնում, ժայռե հարթ հատակին, ուշադրություն էր գրավում մարդկային շարժումներից քարացած մի կաղապար։ Եթե մարդը ծունկ չոքի պինդ շաղախված խմորի հարթության վրա, այնտեղ հպի իր ծնկները, ձեռքերն ու դեմքը՝ ի՞նչ կերպարանք կստանա խմորի այդ զանգվածը,– ճիշտ այդ պատկերն էր ներկայացնում աղոթատեղիի ժայռակոփ հատակը։ Այնտեղ, խոր գնացած ու մոմի պես հղկված քանդակներով, դրոշմված էին մարդկային ծնկների, բռունցքված ձեռքերի, ճակատի ու քթի կաղապարները, որոնք հղկվել ու փայլում էին՝ ինչպես հախճապակի։
Աղոթատեղիում սպասարկող ծեր քահանան երկյուղածությամբ պատմում էր ուխտավորներին, Նարեկացին իր «մեղքերի քավության համար» այնքան է աղոթել այս ժայռե հատակի վրա, որ ժայռը մաշվել, փոս է ընկել։
Այսպիսի բան, իհարկե, չէր կարող պտահել։ Ըստ երևույթին, սրբերի շարքն անցած բանաստեղծի ջերմեռանդ հետևորդներն ու աշակերտներն էին հորինել խորհրդավոր այդ քանդակը և դրանով ցանկացել էին ժողովրդի մեվ ավելի բարձրացնել մեծ Նարեկացու փառքն ու հմայքը։
Որքան մռայլ ու ճնշող էր աղոթատեղիի ներսը, նույնքան վեհ ու հիասքանչ էր նրա կամարակապ մուտքից բացվող տեսարանը։
Այր-աղոթատեղիի առաջ իր ամբողջ վեհությամբ ծփում էր «ծիծաղախիտ Վանա ծովը», որը մարմարյա իր ալիքների կապույտ խաղաղությամբ գնում էր լուծվելու երկնքի լաջվարդ անհուսության մեջ։
Ծփում էր այն օրը, ծփացել է և այն ժամանակ, երբ ժայռակոփ այս մենաստանում երկնել ու աղոթել, մուսաների և աստծո հետ է խոսել հանճարեղ բանաստեղծը։
Տասնամյակներ հետո, երբ ես հասուն մարդ դարձա և ծանոթացա Նարեկացու հուժկու պոեզիայի հետ, նոր միայն հասկացա, թե ի՞նչն է ոգեշնչել նրան, և ի՞նչ պայմաններումն է գրել հետևյալ խոսքերը.
Աչքն ծով ՝ ի ծիծաղախիտ
Ծավալանայր հառավոտուն…
ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ
1950 թ., մայիս, Բոգուչանի, «Հուշեր» Երեւան 1967թ.

Հրաշալի նյութը տրամադրեց Վահրամ Ալազանի դուստրը՝ Հասմիկ Ալազանը

Օգնություն կայքին Patreon
Օգնություն կայքին Donate

Добавить комментарий