Ո՞ՒՄ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՔՈ ՊԱՆԾԱԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ…

Ո՞ՒՄ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՔՈ ՊԱՆԾԱԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ…
ՀՀ և ԼՂՀ ռազմական բարձրագույն պարգևների ասպետ
Ռեմիկ Մարդանյանի ծննդյան 65-ամյակը

Մանուկները ծնողի մահը չեն ըմբռնում, ազգերը՝ հերոսի:
Ավետիս Ահարոնյան

Ռեմիկ Մարդանյան (1955–2000)

Ռեմիկ Մարդանյան (1955–2000)

Այս հարցն ինձ (և ոչ միայն ինձ) կեղեքում է արդեն 20 տարի՝ քո առեղծվածային մահից հետո…
Պատասխանը գիտեմ, բայց փա՛ստ չունեմ…
Այդ չարաբաստիկ օրից հետո, երբ մեզանից ոչ ոք դեռևս ուշքի չէր եկել, ամենակարող մի ձեռք հասավ ամեն տեղ ու գրեթե իսպառ ոչնչացրեց քո գործունեության մասին փաստող վավերագրական նյութերը, «ջանասիրաբար քաղհանեց» քեզ վերաբերող տեսագրությունները…
Քո մասին փաստագրական չնչին նյութ է պահպանվել…
Ահա թե ոխերիմ հայանուն ի՛նչ հակառակորդ ես ունեցել այդ համակարգում, որ լկտի դիվանագիտությամբ ու դավադիր հեռատեսությամբ է հաշվարկել իր բոլոր քայլերը. ուզում էր ոչնչացնել հաղթանակած բանակի լեգենդար գործչիդ կենսագրությունն ու համբավը…
Բայց ինչպե՞ս…
Հատկապես հնարավոր չէ քեզ ջնջել քո զինվորների կամ քեզ հետ առնչված ու քեզ ճանաչողների հուշերից, սակայն, ցավոք, մարդիկ հավիտենական չեն…
Կանխազգալով քո ճակատագիրը՝ դու սկսեցիր քեզ համար գրական անմահ հուշարձան կերտել՝ գրելով հուշեր (ռուսերեն)[1], որը, ցավոք, քո կյանքի նման մնաց անավարտ…
Քո հուշագրությունը վերլուծել չեմ պատրաստվում. տառապանքով շարադրած պատում է՝ անկեղծ, նյարդերը՝ բաց: Նախաբանում՝ առաջին իսկ նախադասության մեջ խոստովանության պես ասում ես. «Ես չէի ուզում գրել այս պատմությունը, բայց այլ կերպ չէի կարող. գիշերները երազներն ինձ հանգիստ չեն տալիս…»:
Ինչպե՞ս կարող էին այդ մղձավանջները քեզ հանգիստ տալ…
Ժամանակները պատերազմական էին: Չէր կարելի բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին: Բայց լռել էլ չէր կարելի… Ըմբոստանում, ծառս էիր լինում քո աչքով տեսած ու ապրած բազմաթիվ անարդարությունների դեմ, որոնում լուծման ուղիներ, սակայն…
Քո հուշագրությունն արժեքավոր ուղեցույց է լինելու Արցախյան գոյամարտի ու այդ շրջանի իրական պատմությունն ուսումնասիրողների համար, որտեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ կան՝ հականե-հանվանե: Հույս ունեմ, որ մոտ ապագայում  այն կհրատարակվի ու նաև կթարգմանվի հայերեն…
***
Այն ժամանակ՝ 2000 թվականի հոկտեմբերի 11-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվեց, որ ռազմական գործիչ, ՀՀ բանակի գնդապետ (1993) Ռեմիկ Մարդանյանը Սիսիան-Գորիս ճանապարհին զոհվել է ավտովթարից՝ ծառայողական պարտքը կատարելիս…
Այդ օրը ձեր զորամիավորումը մեկնում էր Արցախ՝ զորավարժությունների: Դու գնում էիր կորպուսի հրամանատարի ծառայողական «Վիլիս» մեքենայով՝ ինչ-որ անծանոթ վարորդի հետ… Դա բացառիկ օր էր, որ քեզ հետ չէր ավագ եղբայրդ՝ Ռազմիկը, որը 1992-ից ստվերի պես միշտ ուղեկցում էր քեզ՝ կռվելով քո կողքին: Նախօրեին նրան տուն էիր ուղարկել՝ Գանձաքար գյուղ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)՝ հորդ ծննդյան 75-ամյակի համար պատրաստություն տեսնելու…
Մի ռադիոհաղորդում պատրաստեցի քո հիշատակին՝ «Դասը վարում է… Զորավարը»[1] վերնագրով… Հետագայում չկարողացա անդրադառնալ կատարվածին, որովհետև, կրկնում եմ, փաստեր չունեի…
Իսկ այս «դժբախտ պատահարն» անակնկալ չէր մի խումբ համեմատաբար իրազեկներիս համար…
***
1992-ին Մարտակերտի ճակատում լպիրշ ընտրությամբ զոհվել էին հերոս հրամանատարները…
Քո կազմավորած (26-ի Յուրայի հետ) լեգենդար 5-րդ կամավորական բրիգադով, որի առաջին հրամանատարն էիր, 1993-ի փետրվարին մեկնեցիր Մարտակերտ. որոշել էիր ոչ միայն ազատագրել գերեվարված շրջանը՝ վրեժ լուծելով նաև այդ տարածքում նույնքան առեղծվածային պայմաններում զոհված «Ազատագրական բանակ» ռազմական կազմավորման հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի համար, այլև հայոց Գանձակը: Վերջին ռազմագործողությունը որոշել էիր իրականացնել՝ Հայկական բանակի գերագույն հրամանատարությանը կանգնեցնելով կատարված փաստի առաջ՝ չենթարկվելով Գլխավոր շտաբի հրամանին…
Այդ մասին մի քանի անգամ ակնարկել էիր քո ամենաանուղղելի երկրպագուներից մեկի՝ սիրելի հորաքրոջդ՝ մայրիկիս հետ զրույցների ժամանակ, որը շունչը պահած սպասում էր քեզ, քո ղեկավարած ռազմական հաղթական գործողություններին… Ասել էիր, որ աններելի սխալվել ենք Նախիջևանը մեզ չվերադարձնելու համար…
Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. շատ անակնկալորեն 1993-ի մայիսին քեզ ռազմաճակատից կանչեցին Երևան: Կարծիքներ կային, որ հավանաբար բարձրացնելու են պաշտոնդ՝ ի գնահատումն քո սխրանքների…
Բայց քեզ կանչել էին պաշտոնանկ անելու համար. ուղարկեցին Գորիս՝ որպես բրիգադի հրամանատարի տեղակալ, որտեղ էլ մնացիր մինչև զինադադարը…
Այս նշանակումն է՛լ ավելի ահագնացրեց իմ ներքին տագնապը քո ապագայի համար, որովհետև դու արդեն հռչակվել էիր քո ուղղամտությամբ, շիտակությամբ, անաչառությամբ, ազնվությամբ, անկեղծությամբ, մարդասիրությամբ, նվիրումով… Ամեն անգամ «Հատուկ գնդում» (1992-ի մայիս–հուլիսին այս գնդի հրամանատարի տեղակալն էիր, ապա՝ հրամանատարը) քեզ հետ հանդիպելուց հետո գործընկերներս ասում էին, որ արտառոց «դեմոկրատ կերպար» ես մեր տարօրինակ անկախության պայմաններում, և դա առաջին հերթին քեզ է վնասելու…
…Անակնկալի էին եկել նաև քեզ պաշտոնանկ անողները. ֆինանսական առումով իդեալական վիճակ էին արձանագրել քո ղեկավարած կառույցի հաշվապահական գործարքներում…
***
Զինադադարից հետո այլևս չէիր կարողանում շնչել բանակում և առհասարակ երկրում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտում. նույն պատմական մայիսին զորացրվեցիր ՀՀ ՊՆ համակարգից, իսկ 1997-ին ընտանիքիդ հետ մեկնեցիր Ռուսաստան՝ Անժելա և Արթուր զավակներիդ կտրելով Մայր հողից…
Գնացիր, բայց այս անգամ այնտե՛ղ չդիմացար… Այս անգամ երկրից մեկնել էիր ոչ թե որպես 18-ամյա զինակոչիկ, այլ հայրենական պատերազմի բովով անցած բարձրաստիճան զինվորական, հրամանատար, որը զինվոր էր կորցրել, իր թիկունքում հայրենիք էր թողել, այն հայրենիքը, որի համար ստեղծված օրհասական պահին մի կողմ էր վանել Ռուսաստանում ապահով կյանքի և այլ հեռանկարներ, չէր համբերել՝ ստանալու համար ԶՈւ գնդապետի կոչումը, որի հրամանը ՌԴ պաշտպանության նախարարն ստորագրել էր 1992-ի սկզբին… Կամավոր եկել էիր ծառայելու ազգիդ ու երկրիդ, քո ռազմական գիտելիքները, փորձն ու հմտությունն ի սպաս դնելու նոր կազմավորվող ՀՀ բանակի կայացմանն ու հայրենիքի պաշտպանությանը…
Եկել էիր պատմական անարդարության դեմ լցված ներքին վրեժով…
«Ինչո՞ւ մենք էլ ազգային բանակ չունենք» հարցը քեզ համար այլևս հռետորական չէր. գործելու իսկական պահն էր. Արցախում ծեր ու մանուկ զենք էին վերցրել. ոտքի էին ելել բոլորը…
Իսկ այս պատերազմը դու կանխազգացել էիր դեռևս 1985–86-ին՝ Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիայում սովորելիս…
***
1992-ին մասնակցեցիր նորանկախ ՀՀ բանակում դեսանտային զորքերի հատուկ ստորաբաժանման կազմավորմանը, ապա նշանակվեցիր առաջին դեսանտագրոհային գնդի հրամանատարի տեղակալ:
1992-ի հունիսի 4-ին գունդն ստացավ իր առաջին մարտական խնդիրը՝ կազմակերպել Լաչինի (Բերձոր) «Մարդասիրական միջանցքի» հարավային սահմանների պաշտպանությունը: Առաջին իսկ թեժ մարտերից հետո արդեն բանակի սիրված հրամանատարներից էիր…
Զինվորներդ քեզ անվանեցին «Ռեմբո»…
Նրանք սկսեցին լեգենդներ պատմել իրենց հետ կռվող հրամանատարի, իսկ կամավորականները՝ արիություն, ուժ ու ոգի ներշնչող սպայի մասին: Մարտերին հետևում էիր ոչ թե հրամանատարական դիտակետից, այլ զենքը ձեռքիդ գնում էիր զինվորներիդ առջևից, իսկ պաշտպանության ժամանակ նրանց կողքին էիր՝ խրամատում… Նրանք ցայսօր չեն կարողանում բառերով ներկայացնել քո անձնական հմայքը… Մարտի դաշտում պարզապես հետևում էին քո օրինակին…
1992–93-ի դաժան ձմռանը, երբ հայկական ուժերը մի շարք պարտություններ էին կրել՝ Շահումյանը հայաթափվել էր, Մարտակերտն ընկել էր, թշնամին հասել էր մինչև Առաջաձոր, որտեղից ուղիղ ճանապարհ էր բացվում դեպի Ստեփանակերտ, հուսահատության այդ օրերին կամավորականների 5-րդ բրիգադի քո զինվորներին տոգորեցիր սեփական ուժի ու հաղթանակի նկատմամբ հավատով, որին փետրվար–մարտին հետևեց արմատական բեկումը Արցախյան պատերազմում…
Սարսանգի ջրամբարի համար մղվող կատաղի մարտերում 2 անգամ վիրավորվեցիր, բայց մնացիր դիրքերում…
Եղբայրդ՝ Ռազմիկը պատմում է, որ Լաչինի կռիվների ժամանակ Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը 60 մլն ռուբլի էր խոստացել քո գլխի համար. սա խոստովանել է քո հետախույզների գերեվարած ադրբեջանցի դիպուկահարուհին, որը, հանուն այդ գումարի, եկել էր քեզ խփելու… Իսկ դրան նախորդել էր քո նկատմամբ բարեբախտաբար մի անհաջող մահափորձ՝ թիկունքից…
Ղեկավարել ես դժվար ու պատասխանատու մի շարք ռազմագործողություններ, ազատագրել Կուբաթլուն (Որոտան), Զանգելանը (Կովսական), Ջեբրայիլը (Ջրական), Հորադիզը, մասնակցել Ֆիզուլու (Վարանդա) պաշտպանությանը՝ միշտ հավատարիմ մնալով քո որդեգրած զուսպ վարք ու բարքին: «Ժպտերես այդ սպան իրեն բարձր չդասեց մյուսներից. նա զինվորների մտերիմ ընկերն էր ու խորհրդատուն, երբեք չդադարեց զինվոր լինելուց»,– մի անգամ քո մասին խոսելիս ասաց մի զինվորական, որի հետ, ցավոք, չհասցրի ծանոթանալ:– Նկատելով հրամանատարի՝ իր զինվորների նկատմամբ գորովալի վերաբերմունքը՝ մի անգամ լրագրողներից մեկը նրան հարցրեց. «Ընտանիք ունե՞ք…»: Չգիտեմ, այդ հարցը շարունակություն ունե՞ր, թե՞ ոչ, բայց մեր հրամանատարը կարճեց նրա խոսքը՝ ասելով. «Իմ ընտանիքը իմ զինվորներն են»: Այս արտահայտությունը թևավոր խոսք էր դարձել զինվորների համար…»:
…Շատ բան էիր տեսել ապրածդ կյանքում, բայց Արցախ աշխարհը մի այլ իրականություն էր բացել քո առաջ… Այստեղ քեզ հիացրել էր քո ժողովուրդը՝ իր մղած կենաց ու մահու պատերազմով: «Եթե կինը զենք է վերցրել հայրենիքի պաշտպանության համար, անհնար է այլևս նրան հաղթելըԱյն ազգը, որը չի կռվում, ոչնչանում է»,– ասել ես տարբեր հարցազրույցների ժամանակ՝ միշտ խուսափելով պատմել քո մասին: Իսկ երբ լրագրողները համառում էին, կրկնում էիր քո հայտնի հակիրճ ձևակերպումը. «Գնում ենք, կռվում ենք, հաղթում ենք, գալիս ենք…»:
Արցախում տեսածիդ մասին կարդացել էիր պատմության գրքերում… Ի դեպ, դու որոշել էիր պատմաբան դառնալ, բայց պատմության ֆակուլտետ ընդունվելու առաջին փորձդ ձախողվեց և 1973-ին մեկնեցիր սովետական բանակ: Այնտեղ էլ որոշեցիր զինվորականի մասնագիտական կրթություն ստանալ և ընդունվեցիր Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական ուսումնարանը: Ինչպե՞ս էիր կռահել, որ այդ մասնագիտությամբ դու ավելի՛ ես պիտանի լինելու ազգիդ ու հայրենիքիդ…
***
Զինադադարից հետո հեռացար հայրենիքից՝ վիրավորված նրա բարձրաստիճան որոշ ներկայացուցիչների վարած քաղաքականությունից: Գնացիր, բայց հայրենի հողի կանչն ու ձգողական ուժը քեզ համար այլևս անդիմադրելի էին…
1999-ին վերադարձար: Երանի՜ չվերադառնայիր…
Վերադարձար, որովհետև քո կռիվը դեռ չէր ավարտվել, երազանքներ ունեիր… Շարունակվող փխրուն զինադադարի պայմաններում քեզ բնորոշ նվիրումով լծվեցիր տարածաշրջանում մարտունակ բանակի համբավ ձեռք բերած ՀՀ ԶՈւ-ի հզորացմանը, կառույցի ներսում արժանապատիվ վարք ու բարքի հաստատմանը… 1999-ի ապրիլից մինչև 2000-ի մայիսը ՀՀ ՊՆ մարտական պատրաստականության վարչության բաժնի պետն էիր, 2000-ի մայիսից՝ N զորամիավորան հրամանատարի տեղակալը՝ մարտական գծով…
2000-ի հոկտեմբերի առաջին օրերին պաշտպանության փոխնախարարներից մեկը մի առանձնազրույցի ժամանակ ասել էր, որ քո տեղը շուտով իր կողքին է լինելու ՊՆ-ում՝ որպես նախարարի տեղակալ: Այդ նշանակումն ակնկալվում էր տարեվերջին: Դա գաղտնի խոսակցությություն էր, բայց անմիջապես գաղտնազերծվեց (հավանաբար միամտորեն ինչ-որ մեկի մոտ խոսել էիր այդ մասին) և ավարտվեց հոկտեմբերի 11-ի ողբերգությամբ… Դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 4-ին, արժանացել էիր ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի…
2005-ին հետմահու պարգևատրվեցիր  ԼՂՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով…
Դատավարություն էլ, որպես այդպիսին, տեղի չունեցավ… Ֆիզիկապես չտուժած «խեղճ» վարորդին պատասխանատվության չկանչեցին. նա «կորցրել» էր հիշողությունը…
Ի դեմս քեզ՝ վաղուց արդեն շատերն էին տեսնում ՀՀ պաշտպանության ապագա նախարարին…

Հասմիկ Գուլակյան
Հ. Գ. – Ոմանց կենդանական վախը բարձրակարգ մասնագետներից և վերջիններիս նկատմամբ գենետիկ ատելությունը մեզ անընդհատ հետ են շպրտում կյանքի բոլոր ոլորտներից… Ըստ
«Էվոլյուցիան» շարունակվում է…

[1] Հեռարձակել է Հանրային ռադիոյի արտասահմանի հայության համար հաղորդումների խմբագրությունը (24.10.2000), տպագրվել է «Հայ զինվոր» (28.10–4.11. 2000), «Վասն հայության» (16.10.2001) թերթերում և 2010-ին իմ հրատարակած «Հայագիտության և հայապահպանության հարցեր» ժողովածուի Բ հատորում (էջ 457–431):

Փետրվար, 2020 թ.
«Նոր Սփիւռք», թիվ 6, մարտ 2020

 

Добавить комментарий