«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ»

Հասմիկ Գուլակյանի զրույցը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթենիկ Ավետիսյանի հետ

Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր գրողի ապրած ժամանակաշրջան համընկնում է իր ժողովրդի պատմության որոշակի հատվածի, որը չափվում է տվյալ փուլում նրա ապրած տարիների քանակով: Այդ առումով դաժան ճակատագիր է բաժին ընկել Եղիշե Չարենցին: Ծնվել ու ապրել է մեր նոր պատմության թերևս ամենադրամատիկական ու ամենաողբերգական ժամանակաշրջանում: Բանաստեղծի կենսագրությունը համընկել է մեր ժողովրդի` 20-րդ դարի սկզբի կենսագրությանը: Ես Չարենցին համարում եմ Հայոց ցեղասպանության հասակակիցը. նա լույս աշխարհ է եկել 1897-ին, երբ աբդուլհամիդյան արյունահեղության հեղեղատները դեռ չէին չորացել: Սա մեր պատմության դաժանագույն փուլերից էր, որի հետևանքները, չգիտեմ, թե դեռ ինչքան ենք կրելու….

Եթե Չարենցն ապրեր ոչ թե 40 տարի, այլ շատ ավելի երկար, ականատեսի նրա վերապրումները ժամանակի ընթացքում նրան կհասցնեին հոգեկան անհավասարակշիռ վիճակի… Դա հավաստում են ցեղասպանության ողջ մղձավանը վերապրած մեր հայրենակիցների ժառանգները… Այսինքն` ցեղասպանության երկրորդ սերնդի ներկայացուցիչները տեսել են իրենց ծնողների հոգեկան տառապանքները` նրանց կյանքի վերջին տարիներին…

Չարենցի պատանեկության տարիներին տեղի է ունեցել կիլիկիահայության սոսկալի կոտորածը, վաղ երիտասարդության տարիներին` Մեծ եղեռնը, իսկ 40 տարեկանում դարձել է ստալինյան եղեռնի զոհ: Անբնական ու անբանական կորուստների ու ողբերգական ցնցումների միջով անցած բանաստեղծը ժամանակին փրկության մեծ հույսեր է կապել ռուսական հեղափոխության հետ, գայթակղվել-տարվել նրա գաղափարներով ու անասելի հիասթափվել: Այսինքն` ողջ կյանքի ընթացքում Չարենցը տեսել է կոտորած ու արյուն, դառնություններ, նրա աչքի առաջ խոշտանգվել-բզկտվել-ծվատվել է հայրենիքը:

Հայը հայրենանկ է եղել Հայաստանի արևմտյան հատվածում, կործանարար հարված է հասցվել հայոց հավաքական ոգուն… Կարսի անկումն է՛լ ավելի է խորացրել Չարենցի ողբերգությունը: Երիտասարդ բանաստեղծը փորձել է հասկանալ իրար հերթագայող ազգային ծանր կորուստների ու դժբախտությունների պատճառները: Անպարագիծ ցավի ու հիասթափությունների խորապատկերին նա մտորում է տեղի ունեցող դեպքերի մասին, վերլուծում դրանք: Չարենցը գիտակցում է, որ ներկան բացատրելու և ապագան կանխատեսելու համար հարկավոր է հասկանալ անցյալը: Նա ոչ միայն հասկացել է անցյալը, այլև ցնցող եզրահանգումներ արել: Մեր իրականության մեջ, իհարկե, այսպիսի վերլուծությունների բազմաթիվ փորձեր են եղել: Ինձ առավել հոգեհարազատ է հայոց պատմափիլիսոփայության Եղիշե Չարենցի ընկալումը, որի մասին է ներկայացվող զրույցը:

Իր ստեղծագործական ողջ ճանապարհին Չարենցին ուղեկցել են հարցեր, որոնց նա պատասխանել է յուրովսանն. ե՞րբ, ինչո՞ւ, ո՞ւմ ձեռքով հայը կորցրեց իր պետականությունն ու հայրենիքի մեծ մասը և վերածվեց անբարո աշխարհից աշխարհի անբարո մեծ տերություններից գութ հայցող արհամարհված մուրացիկի կարգավիճակում: Սակայն տակավին երիտասարդ բանաստեղծը հասկացել է, որ ռազմի աստծու գաղափարի կործանումը ավերել է մեր կյանքի հիմերը. ազգային ուժեղ գաղափարախոսությունն է ազգի գոյության հենարանը. ասում ենք արդեն քանի տարի և այսպես էլ չենք ստեղծում այն` որպես հանագանակ, որովհետև չունենք ազգային ծրագիր: Այսինքն` չգիտենք` ի՛նչ ենք ուզում… Ինչպե՞ս կարող է պատերազմում հաղթանակած ժողովուրդն այնպես ատել ինքն իրեն, որ կրկին ձեռքն առնի պանդուխտի ցուպը…

…20-րդ դարի սկզբի մեր մեծ բանաստեղծների համար առանցքայինը հայրենիքի թեման է: Եվ դա բնական է: Նման դեպքերում չեմ սիրում տարանջատել արևելահայ և արևմտահայ պոեզիան, բայց այն զուգահեռը, որի մասին ուզում եմ խոսենք, վերաբերում է արևելահայ գրական աշխարհին, ավելի ստույգ` Չարենցի և Տերյանի բանաստեղծական ու փիլիսոփայական հայեցակարգերի տարբերությանը…

Տերյանը 1914-ին գրեց «Հոգևոր Հայաստան» հոդվածը, երբ արդեն տեղի էին ունեցել աբդուլհամիդյան ջարդերը և Կիլիկիայի հայության կոտորածը: Բայց ամենազարհուրելին դեռ առջևում էր, և որից ցնցված` Չարենցը կառչեց նյութական հայրենիքը պահպանելու գաղափարին… Տևական ժամանակ մահվան ճամփաներով անցած ժողովրդին ուղեկցում են մահվան տեսիլները, ինքնամերժման և սեփական ցեղի նկատմամբ ատելության զգացողությունը ինչպես այսօր. այսօրվա հետ շատ զուգահեռներ կան, չնայած այսօր պետականություն ունենք… Պարտավոր ենք փայփայել ու պահպանել Չարենցի գանգրահեր մանկանը՝ Հայաստանի արևելյան հատվածի այս կտորը…
«Վէմ» ռադիոկայան
16–30. 07. 2014

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ՝

Մաս — 1

//vem.am/download.php?id=023_Hasmik_Satenik%20Avetisyan_Charenc%20part%201%20-%2016%2007%2014_1405579893997.mp3

Մաս — 2

//vem.am/download.php?id=024_Hasmik_Satenik%20Avetisyan_Charenc%20part%202%20%20-%2023%2007%2014_1406185000831.mp3

Մաս — 3

//vem.am/download.php?id=025_Hasmik_Satenik%20Avetisyan_Charenc_part%203%20-%2030%2007%2014%20Z_1406886212017.mp3

4 идей о “«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ»

Добавить комментарий