ՁԱՅՆ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ ԱՄՍԱԹԵՐԹ
Գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության
ինստիտուտի գիտաշխատող
ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆ
(1916թ․) Թիֆլիս
Տիկին Գոհար Ա․Սարեան, 34 տարեկան, բնիկ տրապիզոնցի, ռուսահպատակ, գրագէտ, երեք երեխայ ունի՝ Նունուֆար, Շուշանիկ և Ֆարհատ և մի 16 տարեկան սպասուհի: Ապրում են Թիֆլիս, 8-րդ քաղաքամաս, Սվիզնոյ նրբ. N 10: Ամուսինը՝ Արամ Սարեանը և տագրերը՝ Արշակ և Արմենակ Սարեանները սպաննուած Են Տրապիզոնում:
Թուրք զօրաշարժին՝ հայ գինուորների ձեռքը զենք չտուին, այլ գործածեցին իբր բանուոր, իսկ կարողութիւն ունեցողները բէդէլ վճարեցին: Տրապիզոնի հայերը արտակարգ հաւատարմութեամբ ծառայեցին, անհաշիւ նուիրատուութիւններ արին, բայց և այնպէս կառավարութիւնը բռնագրաւեց հայերի և յոյների խանութային կայքերն ամբողջովին: Մինչև 1915 թ. յունիսի 1-ը Տրապիզոնը խաղաղ դրութեան մէջ էր, բնակիչներից շատերը ամառանոց քաշուած էին, թէև աւելի շատ ռմբակոծութեան երկիւղից:
Մայիսին՝ Վանի դէպքեր ի հետևանքով խիստ խուզարկութիւն կատարեցին, մանաւանդ ռուսահպատակների և դաշնակցականների մօտ՝ Երևան հանելով միմիայն մի ատրճանակ և մէկ քանի որսի հրացան:
Յունիս 11-ին հաւաքեցին բոլոր ռուսահպատակներին և 15 յեղափոխականներին, ասելով, թէ ձեզի Սամսոնի ճամբով Սվազ պիտի աքսորենք: Սրանց դրին մի մեծ նաւակի մէջ, բոլորի ձեռքերը չուաններով կապեցին և դաշունահար անելով՝ ծովը թափեցին: Սրանց մէջ էին իմ ամուսինը և տագրերս: Ռուսահպատակ Վարդան անուն մէկը գլխից և ձեռքերից վիրաւորուած, ծովից լողալով դուրս եկաւ և արնաթաթախ դիմեց իտալական հիւպատոսարան, որին էր յանձնուած ռուսահպատակների պաշտպանութիւնը, բայց հիւպատոսը նրան վռնդեց: Յետոյ Վարդանը միամտաբար դիմեց կուսակալին՝ բողոքելու, բայց նրան տարան թուրքերը հիւանդանոց և այնտեղ թունաւորեցին: Այս և ուրիշ մանրամասնութիւներ ես իմացայ կուսակալի 15 տարեկան որդուց, որ պարծենալով պատմում էր:
Ես և իմ մէկ բարեկամուհիս, որի ամուսինն էլ իմ ամուսնու հետ նաւակի մէջ էր, գնացինք իտալական հիւպատոսին՝ բացատրութիւն ուզելու: Մեզ շատ գէշ ընդունեց և նոյն իսկ վռնդեց հիւպատոսարանից: Նա եղաւ շատ անպարտաճանաչ և չկարողացաւ կամ չուզեց պաշտպանել ռուսահպատակներին ու նրանց ընտանիքները:
Յունիս 13-ի Շաբաթ օրը յայտարարութիւններ փակցուցին, հինգ օր պայմանաժամ էր տրուած պատրաստուելու և Միջագետք մեկնելու, ոչ մէկ կարասի կամ հարստութիւն հետը չպիտի վերցնել և ոչ ծախել յոյնի կամ թուրքի: Ամէն ոք ինք իր ունեցածը ինք իր ձեռքով պիտի յանձնէ կառավարութեան: Յետոյ կարող են մնալ ծեր, հիւանդ, որբևայրի դարձած և յղի կիները, և այս մնացողները քաղաքապետութեան բժիշկից տեղեկագիր պիտի ունենան, աղերսագիր տալով երկու ղուրուշնոց փուլն՝ ալ վրան փակցնելով, յետոյ ոստիկանապետից մի թուղթ են ստանալու և նրա ոյժով կը մնան:
Նոյնպէս կառավարութեան պաշտօնեաները իրենց ընտանիքներով վար դրին՝ Սամսոնի վրայով Անկարա և այնտեղից էլ իբր թէ Պոլիս ուղարկելու։ Ով ուզեր՝ ձի, կառք կարող էր բռնել: Բայց ոչինչ չկար մէջտեղ: Տրապիզոնից ոտքով մինչև Միջագետք ճանապարհորդել պարզապէս բնաջնջումդ համարեցին ամէնքը և սկսեց խուճապ:
Փողոցները ո՜չ յոյն և ո՜չ թուրք ընտանիքներ չէին տեսնուեր, բոլորը գիւղեր քաշուեցան՝ այս զուլումը չտեսնելու: Մենք՝ կիներս, հաւաքուեցանք, երեխաներով միասին կուսակալին դիմեցինք: Կոպտօրէն մեզ վռնդեցին: Դիմեցինք Գերմանիոյ հիւպատոսին, մէկ ժամ հեռու քաղաքից, ամառանոցում: Շատ վատ ընդունեց նա և ասաց, թող չանէի՛ք, արել էք՝ պիտի՛ քաշէք:
-Ի՞նչ արինք,- պատասխանեցինք:
-Հապա Վա՞նը,- ասաց նա:
-Այստեղ Վան չէ, մենք հանգիստ ժողովուրդ ենք, ոչինչ չգիտենք: Եւ ուրիշ շատ աղաչեցինք, բայց անգթօրէն մեզ վռնդեց: Դիմեցինք Աւստրիոյ հիւպատոսին: Սիրով ընդունեց, լացաւ և ասաց. «Կ՛ուզէի օգտակար լինել, բայց իմ ձեռքս բան չկայ»:
Քաղաք դարձանք և դիմեցինք ամերիկեան կոնսուլին: Նա մեզ յուսադրեց, թէ պիտի աշխատի, բայց ոչինչ չկարողացաւ անել, միայն իր պաշտօնեաները՝ ընտանիքներով, 15 հոգի կարողացաւ պահել:
Դիմեցինք Իթթիհատի պարագլուխ Նայիլ բէյին, խորամանկ ժպիտով մեզ հաւաստիացրեց, թէ ճանապարհին ամէն ապահովութիւն և խնամք պիտի ունենաք: Սակայն Տրապիզոնի ջարդը կարգադրողներն էին արդէն այս Նայիլ բէյը, կուսակալը, քաղաքապետութեան բժշկապետը, ոստիկանապետ Մեհմէդ Ալին,որ տրապիզոնցի չեն և տեղացիներից Մուտա էֆէնդի և շաքարագործ Սալիհ և ուրիշ մի քանիներ, 12 հոգի են ամէնը: Չորրորդ օրը սկսեցին ժողուել այլ մարդիկ, տարին կէս ժամ հեռաւորութեամբ հայոց վանքը: Հինգշաբթի սկսեցին թաղ-թաղ ընտանիքները ժողուել, յետոյ մի նոր հրաման հանեցին, թէ ամէն ոք իր տղան կրնայ թողնել ծանօթ յոյնի, ամերիկացի միսիոների կամ յունաց դեսպոթին մօտ: Աղջիկները, 15 տարեկանից վար, մանչերը, 10 տարեկանից ցած, շատ ծնողներից յանձնուեցին միսիոներներին և յոյն միտրապոլիտին: Քաղաքից մեկնած առաջին խմբին միացրին վանք հաւաքած այր մարդկանց: Սրանց յանձնեցին մի հարիւրապետի և քսան-երեսուն ժանտարմայի: Դեռ հայոց խմբերը չելած՝ ավազակները մեկնած Էին լինում:
Թուրքերից (տեղացի) մի մաս բնաւ չմասնակցեց արիւնոտ գործին: Իսկ ուղղակի մեռցնողներն Էին հարիւրապետերը, ժանտարմները, թուրք չէթաները և բոլոր ոճրագործ բանտարկեալները, որոնց այն օրերը բանտից արձակեցին այդ նպատակով, ինչպէս նաև փախստական գիւրջիներ, նաւավարներ: Սրանց մէջ ամէնակատաղին [էին] նաւահանգիստի «քեհիա»-ն և իր եղբայր Ասլան անունով երիտասարդը և բանտարկեալ Նեջատը:
Առաջին և երկրորդ խումբը, այր ու կին խառն, մինչև Գիւմուշխանէի տակ՝ Բալդաբան կոչուած տեղը հասցրին: Այնտեղ այրերը ջոկեցին՝ կոտորելու, իսկ կանանց մինչև Երզնկա քշեցին: Մի կին ճանապարհից վերադարձաւ և պատմում էր ճանապարհի նեղութիւնների և այս բաժանման մասին: ճանապարհը ոստիկաններով և ժանտարմաներով լեցուն Էր և հետզհետէ ամէն օր խմբերով ճանապարհ Էին գնամ տեղահանուածներին։ Քաղաքից մէկ ժամ հեռաւորութիւնից լսում էի սրանց ողբն ու աղաղակը և ականջներս փակում: Շատ կիներ և աղջիկներ արդէն թոքն առին, երբ ոստիկանները տներն էին մտնում՝ տեղահանելու: Խաչիկ աղա Ասլանեան ինքն իրան պատուհանից ցած նետեց և մեռաւ, Կարապետ Մնացականեան ինքնասպան եղաւ դանակով: Մի հայի կինը՝ ծագումով բուլգար, ածելիով կտրեց իր պարանոցը: Հնչակեան Գուրգէն Սարգսեանի հայրը կրակ ձգեց իր տունը և այրեց, բայց ոստիկանների կրունկների տակ մեռաւ: Իսկ ինք՝ Գուրգէնը պահուած էր մի տան մէջ և 15 օր վերջ թուրք կնկայ ծածկութով դուրս եկաւ, բայց փոլիսների ձեռքն ընկաւ: Ամերիկեան հիւպատոսին քավազը ահից ինքնասպան եղաւ: Շէյրանցի դաշնակցական Սեդրակը մէկ ամիս պահուեց իրենց տան առաստաղի մէջ, յետոյ նկատուեց և պաշարուեց ոստիկաններով, մէկ ժամ կռուելուց վերջ սպաննուեց՝ վիրաւորելով մէկ փոլիսի:
Զեֆանոս գիւղին մէջ, եկեղեցու թաղը, երեք հայ գիւղացիներ պահուած էին: Երբ նկատուեցին՝ սկսուեց կռիւ: Տունը վառեցին նրանց վրայ: Մէկ ժանտարմ սպաննուեց:
Շատ հարուստ կիներ մէկ-երկու օրուան ճանապարհից վերադարձնում էին, ասելով, թէ եթէ ձեր հարստութեան տեղը իմացնէք՝ կ՚ազատուէք: Գալիս էին յոգնած, ոտները առած, ամէն ինչ յայտնում և ապա կրկին հանում էին ճանապարհ, բայց այս անգամ քաղաքից կէս ժամ հեռու՝ Դէգիրմէն դէրէ գետի ափին սպաննում էին և ջուրը ձգում: ճանապարհին կողոպտում էին թէ՛ ժանտարմները և թէ՛ աւազակները, բռնաբարում էին ութ տարեկանից վեր եղող բոլոր կանանց, իսկ դիմադրողներին տեղն ու տեղը սպաննում էին:
Իսկ վերջին խմբերի այրմարդկանց արդէն քաղաքի մօտն էին սպաննում, նոյնպէս բոլոր գիւղացի այր թէ կին, մէկ օր ու այ ճանապարհ չկարողացան անցնել։ Գետին երկայնքը հարիւրներով, հազարներով, բոլորին մերկացրած, սուինով, սրերով սպաննում էին և գետը ձգում: Այս բոլորը պատմում էին յոյն զօրքերը, թուրքերի հետ ամուսնացած հայ աղջիկները և կիները և նոյն իսկ իրենք՝ թուրքերըը:
Իսկ ես արդէն յունիսի 15-ին երեխաներովս միասին գնացի Սօուքսու՝ կուսակալին ամառանոցը և շատ լացի, խնդրեցի: Կուսակալին կինը գթաց ինձ, բարեխոսեց և թոյլատրեց ինձ հիւանդ ձևանալ և մնալ հիւանդանոցամ: Ես իմ երեք երեխաներով և աղախնիս հետ սրանից յետոյ մնացինք հիւանդանոցամ: Երեք օր վերջ թուրք հիւանդներին տեղափոխեցին և տեղը բերին հայ ծերերին, հիւանդներին, յղիներին, երեխաներին, ինչպէս և Մետրապոլիտի և ամերիկացիների մօտ եղած բոլոր երեխաներին: Հայերի մեծ տները, օթելները, դպրոցները և Հայոց Առաջնորդարանը բացին, երեխաները այնտեղեր լցրին և անուանեցին դպրոց: Տասը տարեկանից վեր մեծ տղաներին ջոկեցին և քշեցին Ջևիզլիկ, սրանցից մի քանի հոգու թուրքերը վերցրեցին, իսկ միւս բոլորին սուիններով սպաննել են:
Բժշկապետը ամէն օր քննում էր բոլորին, մէկ մասին ուղարկում դէպի ծովը, միւսին՝ դէպի ճանապարհը՝ կոտորելու: Ամէն օր կողովներով բերում էին ձգած և անտէր երեխաներին, որդնած և կեղտոտ և տեղահանուածների տեղը դնում: Թուրքերը գալիս էին, որին հաւանում, վերցնում, տանում էին: Հինգ օր վերջ սուբլիմա բերին և սկսեցին նախ համոզելով, ապա բռնի խմեցնել հիւանդներին: Շատեր իսկոյն մեռան: Ութ օր վերջ հիւանդանոցները մաքրուեցին, բոլորին դիակները գոց կառքերով ծովն էին թափում։ Հիւանդանոցի միւդիր Մեհմէդ Ալի բէյը հիւանդանոց ապաստանողների բովանդակ հարստութիւնը գրաւեց:
Միւս կողմից սկսեցին նաւակներով հայ պաշտօնեաներին ընտանիքներով ծովը տանել, սպաննել և ջուրը թափել: Սրանց մէջն էին հեռագրատան պաշտօնեայ ամուսնուս եղբայրը, իր աղջիկը և կինը:
Հայ զօրքերին 15 օր պահեցին, արդէն շատեր ճանապարհի վրայ էին աշխատում: Յետոյ նրանց ձեռքով մեծ փոսեր տուին պեղելու և սուինահար անելով, թաղեցին այնտեղ: Իսկ Բալդաբան ջոկած այր մարդիկն ամբողջովին կոտորուեցին քառասուն չէթաների ձեռքով: Սրանց կանգնեցրել են շարքով և, ինչպէս պատմում էր մի ազատուած հայ զինուոր, մէկ գնդակով 25 հոգի են ծակել:
Տեղահանուածներին հասցրել են մինչև Քեմախ: Այնտեղ մի քանի կին և աղջիկներ մնում են թուրքերի մօտ, յետոյ քշում են Ակնի ուղղութեամբ, Եփրատի ամէնախոր կիրճից և մեծամասնութիւնը գետը թափում: Եթէ խումբը բարի ժանտարմայի հետ էր, յաջողում էր ծանծաղ տեղից անց կենալ: Սրանք պատմեց այդտեղից ագատուած մի կին, որ Ակն մնացեր էր, յետոյ Կիրասոն անցած և այնտեղից շատ ճարպիկութեամբ Տրապիզոն, մեզ մօտ: Նրա ասելով, Եփրատի դիմաց մի ժայռ կայ, որի վրայ փորագրել են. Երանի՜ այս ժայռը տեսնողին: Քեմախից այն կողմը իբր թէ այնքան էլ վտանգ չկայ: Այն կողմը մեռնում են միայն անօթութիւնից, յոգնութիւնից, հիւանդութիւնից, առանց հագուստի և դրամի: Ճարպիկները հանդիպած քաղաքներում թուրքերի տներ են մտնում, իսկ մնացեալները շարունակում են ճանապարհը մինչև Միջագետք: Հինգ ամիս վերջ նամակ ստացայ տագերս կնոջից և զաւակներից, որ Ակն էին գտնւում: Նամակ առի նոյնպէս 15 տարեկան եդբօրիցս, որ գրում էր, թէ Խարբերդը անցանք:
Ես և իմ երեխաները, ինչպէս և Մախոխեանները (մայր, քոյր, աղջիկ) և վեց ուրիշ աղջիկներ մնացինք հիւանդանոցում կուսակալի կնոջ պաշտպանութեան տակ և դուրս չէինք կարող գալ, որովհետև կոմիտէն (իթթիհադ) մեզ կը բռնէր և կը սպաննէր: Յուլիսի մէջերը մեզ տարին մզկիթի վերածուած ֆրանսիական մատուռը, իմամը (թուրք հոգևորական) եկաւ և մեր իսլամացման ծէսը կատարեց: Տասնհինգ հոգի էինք: Վեց աղջիկներին նիքիահ արին (պսակեցին) մահմեդական երիտասարդների վրայ: Ինձ էլ միւդիրն էր առաջարկութիւն անում, բայց ես մինչև չորս ամիս մերժեցի, ասելով թէ ամուսինս ողջ է:
Հիվանդանոցի մէջ բժիշկ Ավնի բեյ, որ մի քիչ լաւ էր մեզ հետ, պատմեց մի գիւղացի աղջկայ մասին, որը սարսափելիօրէն դիմադրած էր և 95 տեղից վիրաւոր՝ բռնուսւծ բերին հիւանդանոց Պոլիս ղրկելու և գիշերը անյայտացրին:
Բժշկապետի մօտ իբր խոհարար ծառայող Կալիկ անուն իսլամացած հայ կնոջը վեց ամիս վերջը ծովը նետեցին՝ լաւ լուացք չանելու համար:
Կուսակալի կինը ամառանոցից քաղաք եկաւ և ինծ տարաւ իր հետ Սովուքսու, ուր հինգ հայ աղջիկներ էլ կային՝ Արմենուհի Քահրիմանեան, Իւղաբեր ճգնաւորեան, Արուսեակ Գազանճեան, Սիրանուշ Էթմէքճեան (որը թոքախտից մեռաւ) և Արսէն Մինասեանի չորս տարեկան աղջիկը:
Միւդիր Մեհմէդ Ալին ինծ պահանջեց Պլատանա ուղարկելու, բայց իսկապէս մեռցնելու, որովհետև նրա առաջարկութիւնը մերժեցի: Ամէն բան հասկացրի կուսակալի կնոջը և նա բարի եղաւ կառավարական պաշտօնեաներից էդհեմ էֆէնդու հետ ինծ նիքիահ անել տալու: Այս մարդը շատ բարի էր և ինծ ու երեխաներիս պահեց պատուով: Նա մի օր պատմեց, թէ 6 կին ու աղջիկ և 2 այր, բոլորը զինուած, անօթութեան չդիմանալով, յանձնուեցին, թուրքերը գիշերը տարան և ծովը ծգեցին: Այս օրերում 4 այր գիւղացիներ էլ եկան յանձնուեցին և նոյնիսկ թլպատուեցին, բայց նորից սպանուեցին:
էդհեմ էֆէնդի չորս ամիս մեզ պահելուց յետոյ օգնեց ինձ մի յոյն գիւղ ապաստանելու երեխաներով միասին, երբ մահմեդականացած կին-աղջիկներին կը տեղահանէին դէպի Սամսուն՝ ռուսերի մօտենալու երկիւղից: Երկու ամիս էլ մնացինք այդ Կանլինկա գիւղում: Այդտեղ հաւաքուեցին և սարերի մէջ ողջ մնացած մի քանի հայեր: Յոյն գիւղապետը մտադիր էր մատնել, բայց Էդհեմ Էֆ. իմ թելադրութեամբ սպառնաց նրան և մնացինք մինչև ռուսները գրաւեցին Տրապիզոնը:
Տասն օր մնացինք Տրապիզոն և այնտեղից Բաթումով Թիֆլիս անցանք, ուր մնում եմ երեխայիս հիւանդութեան պատճառով և ապրում եմ կար անելով, ինչ որ սովորել էի դպրոցական հասակում, բայց չէի գործադրած բնաւ փարթամ օրերին:
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՀԱԱ, ֆ․ 227, ց. 1, գ. 453, թթ. 9-12 շրջ., բնագիր, ձեռագիր:
Բացատրություններ՝
1-Փուլ — դրոշմանիշ:
2-Դեսպոտ — հույն եպիսկոպոսի տիտղոս:
3-Միտրոպոլիտ- ուղղափառ (հունադավան) եկեղեցիների թեմակալ արքեպիսկոպոս:
4-Գյուրջի(թուրք.) — վրացի:
5-Քըահյա (թուրք.) — կառավարիչ:
6-Քավազ, ղավազ (թուրք.) — դեսպանատան կամ հյուպատոսարանի ցրիչ, թղթատար, հասկացվելէ նաև թիկնապահ իմաստով:
7-Օթել — հյուրանոց իջևանատուն:
8-Սուբլիմա — քլորային սնդիկ:
9-Իմամ — մահմեդական կրոնի հոգևորական, կրոնավոր:
Աղբյուր՝ ՁԱՅՆ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ
ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ 2013թ.
Տես նաեվ՝ ՀԱՄՇԵՆ — HAMSHEN
Տես նաեվ՝ ՈւՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄՇԵՆ ՄՈՌԱՑՎՈՂ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐ
Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով երգ
Բառերի հեղինակ՝ Յուսուֆ Վայիչ
« GUZEM — KUZIM » «Քուզիմ» Hamshen
Թարգմանությունը՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ հնագիտության ազգագրության ինստիտուտի գիտաշխատող
«Քուզիմ»
Աաքագէ էրթա չի,
Թաքիդում փէրէվաձ ա,
Իսա ինչբէս աշխար ա,
Էմմէն դաղ խարէվաձ ա:
Էրգիքէ էլլուշ քուզիմ,
Աստաղէ փէրնուշ քուզիմ,
Լուսնիկային մէշնան հէդ
Քէզի փութ էնուշ քուզիմ:
Էրթուշ քուզիմ իսթի հէդ,
Այէ հէդրա էրթաք մէք,
Մէդօղում աշխարսիվա,
Լուսնիկա էլլօղ ուք մէք:
Ուզում եմ
(թարգմանություն)
Արեգակը չի գնում,
Կարծում եմ խավարել է,
Այս ինչպիսի աշխարհ է,
Ամեն տեղ խառնված է:
Երկինք բարձրանալ եմ ուզում,
Աստղ բռնել եմ ուզում,
Լուսնի միջից
Քեզ նայել եմ ուզում:
Ուզում եմ գնալ այստեղից,
Արի միասին գնանք մենք,
Մութ աշխարհիս վրա
Լուսին ենք լինելու մենք։
Խիստ շահեկան գրութիւն: Խնդրեմ հրապարակէք նման վկայութիւններ, եթէ կան տակաւին ձեր մօտ:
Հրաշալի…
Մեկնաբանություն ավելացնել…
Մեկնաբանություն ավելացնել…հավանումեմ
Չքնաղ է: Կուզենայի ավելի շատ այսպիսի նյութեր տեսնել` Համշենահայ երգեր, սովորություններ, և այլն: Հայաստանում շատ քիչ գիտեն նրանց մասին ցավոք …
Վերջերս Համշենահայերի մասին սկսել եք մեծ ուշադրություն դարձնել, որը ինձ շատ է ուրախացնում և ես անընդհատ հետևում եմ նորություններին ու հաճույքով կարդում կամ դիտում եմ պատրաստի ֆիլմերը:Դիտել եմ նաև ԱՆՏԻՏՈՊՈՌԻ Համշենահայերին նվիրված հաղորդումը:Համշենահայերի մասին առաջին անգամ իմացա 1972 թվականին, երբ դպրոցից մեզ տարան Նոր Նախիջևան:Սառը հանդիպում էր:Հետագաւում ես փորձեցի հետաքրքրվել նրանց մասին , բայց՛ անարդյունք: Հիմա Ձեր կատարած հոյակապ աշխատանքները վայեում եմ, որի համար երախտապառտ եմ
<3
<3
Пингбэк: « GUZEM – KUZIM » ՀԱՄՇԵՆ – Hamshen – «Քուզիմ» Կուզեմ-« GUZEM – KUZIM » ՀԱՄՇԵՆ – Hamshen – «Քուզիմ» Կուզեմ – ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ